2018 թվականին Ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոնը Կարմիր խաչի հայկական միության միջնորդությամբ Հայաստանի տարածքում բնակչության խոցելի խմբերին որպես հումանիտար օգնություն հասցեական տրամադրել է 60 տոննա սննդամթերք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՌՀՀԱԿ կանխատեսման եւ մոնիթորինգի հարցերով գլխավոր մասնագետ Անտոն Սերենկոն:

Նա նաեւ հիշեցրեց երկրորդ հումանիտար գործողության մասին՝ այս անգամ արդեն Սիրիայի տարածքում Կարմիր մահիկի սիրիական միության եւ ՌԴ ԱԻՆ-ի հետ համագործակցությամբ, որի շրջանակում իրականացվել է հումանիտար օգնության ընդհանուր 100 տոննա քաշով սննդամթերքի փոխանցում:

«Այսօրվա դրությամբ Կենտրոնի ակտիվում կան Հայաստանի, Վրաստանի եւ այլ պետությունների տարածքներում օգնության ցուցաբերման եւ արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման մի շարք գործողություններ: Կենտրոնի հնարավորություններն առավել լիարժեք են ցուցադրվել 2017 թվականի ամռանը Հայաստանի տարածքում կործանարար հրդեհների վերացման ժամանակ»,- նշեց նա: 

Անտոն Սերենկոն հավելեց, որ Օպերատիվ արձագանքման կենտրոնը հնարավորություն ունի ուղիղ տեսակապ հաստատել նաեւ Ժնեւում Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության հետ (ՔՊՄԿ):

Մասնագետը կարեւորեց փորձի փոխանակումը եւ անձնակազմի որակավորումը մշտապես բարձրացնելը: «2018 թվականին Հայաստանի ԱԻՆ 147 ծառայողներ 13 ծրագրով ուսանել են Կենտրոնի բազայում: Դրանից բացի, ՀՀ ԱԻՆ 70 ծառայողներ 9 ծրագրով ուսանել են Ռուսաստանի ԱԻՆ բուհերում»,- պարզաբանեց Անտոն Սերենկոն: Նա նաեւ ներկայացրեց Կենտրոնի նյութատեխնիկական հնարավորությունները: Սերենկոն նշեց, որ 2017 թվականի հոկտեմբերից 2018-ի մարտ Կենտրոնը ստացել է 42 անուն սարքավորումներ եւ նյութական պաշարներ: 

«Ի թիվս այլոց, Կենտորնի տրամադրության տակ կան 5 անօդաչու թռչող սարքեր՝ «Մատրիկս-200»: Դրանցից յուրաքանչյուրը կարող է ավելի քան 30 րոպե անընդհատ օդում գտնվել եւ տեղեկություններ փոխանցել: Կենտրոնի վերջին ձեռքբերումներից է «Ստրունա-2» համալիրը, որը նախատեսված է շենքերի եւ կառույցների սեյսմակայունության գնահատման համար, ինչպես նաեւ BIP ICDO երկրատեղեկատվական հարթակը, որը թույլ է տալիս հրդեհի բռնկման դեպքում որոշակի տարածքի արբանյակային լուսանկարներ ստանալ»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ վերջերս առատ տեղումների եւ ջրհեղեղների պատճառով Իրանի 31 նահանգներում տուժել էր ավելի քան 750 մարդ, վերջին տեղեկություններով՝ զոհվել էր առնվազն 67-ը: Նահանգների մեծ մասում լուրջ վնաս էր հասցվել երկրի ագրոարդյունաբերական համալիրին, ենթակառուցվածքներին եւ 25 հազար բնակելի շենքերին: Իրանական կողմի դիմումի հետ կապված ապրիլի 6-ին որոշում էր ընդունվել Հայաստանի ԱԻՆ-ի հետ միասին Ռուսաստանի ԱԻՆ ուժերով ՌՀՀԱԿ գծով Ռուսաստանի Դաշնության միջոցների հաշվին ավելի քան 4 հազար միավոր նյութական միջոցներ ուղարկել (ծածկոցներ, վրաններ եւ այլն):

Նշենք, որ Ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոնը հիմնադրվել է Ռուսաստանի Դաշնության կառավարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ ստորագրված 2015 թվականի մայիսի 19-ի համաձայնագրի հիման վրա: