Քրեակատարողական հիմնարկների հովվությունը մարտի 4-ին «Արթիկ» ՔԿՀ-ում կազմակերպել է մկրտության արարողություն:
Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ սա առաջին մկրտությունն է, որ կատարվել է կալանավայրի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում` կառուցված 2010 թվականին՝ հենց դատապարտյալների ուժերով:
21 դատապարտյալներ մկրտվել են քրեակատարողական հիմնարկների նորանշանակ հոգեւոր տեսուչ Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի, Հառիճավանքի վանահայր Տ. Կորյուն աբեղա Առաքելյանի եւ Շիրակի թեմի հոգեւոր սպասավոր Տ. Արշեն քահանա Սարգսյանի կողմից:
«Դուք մկրտության միջոցով լվացվեցիք ոչ միայն ձեր մեղքերից, այլեւ Սուրբ Հոգու շնորհները ստացաք, որպեսզի կարողանաք ձեր հետագա կյանքը ապրել ըստ Քրիստոսի պատգամների ու պատվիրանների: Իսկ Քրիստոսի ամենամեծ պատգամը դա սերն էր», - նշեց Հայր Ռուբենն իր շնորհավորական խոսքում: Այս առիթով մկրտվածներին փոխանցվել են մկրտության խաչեր՝ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնից:




























