Ստամբուլի հայ համայնքի  ներկայացուցիչները կրկին դատական հայց են ներկայացրել Թուրքիայի ՆԳ նախարարության եւ Ստամբուլի նահանգապետի դեմ։

Թուրքական Hurriyet Daily News-ի փոխանցմամբ՝ Ստամբուլահայ համայնքի ներկայացուցչի կողմից ներկայացված դատական հայցը կապված է Պոլսո հայոց պատրիարքի ընտրության իրավունքի հետ։ Հայց ներկայացնողի ինքնության մասին ոչինչ չի հաղորդվում։

Նշենք, որ 1 ամիս առաջ թուրքական դատարանը մերժել էր տամբուլահայերի «Ցանկանում ենք ընտրել մեր պատրիարքին» նախաձեռնող խմբի հայցը՝ շեշտելով, թե հայցի քննարկումը չի մտնում դատարանի իրավասությունների մեջ։

Հիշեցնենք, որ 2010-ի դեկտեմբերին ստամբուլահայերի «Ցանկանում ենք ընտրել մեր պատրիարքին» նախաձեռնության կողմից կազմակերպվել էր մամուլի ասուլիս, որի ընթացքում ներկայացվել են պահանջները, ըստ որի, անհրաժեշտ է չեղյալ հայտարարել թուրքական կառավարության կողմից արք. Աթեշյանին փոխպատրիարք նշանակումը եւ կազմակերպել նոր պատրիարքի ընտրություններ։ Նախաձեռնող խումբն իր պահանջները նամակով ուղարկել էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ինչպես նաեւ դիմել վարչական դատարան։ Նախաձեռնող խմբի մեջ են հայտնի ստամբուլահայեր՝ Հարութ Օզերը, Տիգրան Ալթունը, Մարկար Եսայանը, Կարո Պալյանը եւ այլոք:

Ներկայիս Պոլսո պատրիարք Մեսրոպ 2-րդ Մութաֆյանը անկողնային հիվանդ է։  Ստամբուլահայ համայնքի մի մասը կարծում էր, որ պետք է ընտրվեր համապատրիարք, քանի որ պատրիարք կարող է ընտրվել միայն նախկին պատրիարքի մահվան դեպքում։ Ստամբուլահայերի մյուս մասն էլ պնդում էր, թե ոչ թե համապատրիարք, այլ՝ պատրիարք պետք է ընտրել։ Այս խոսակցությունները թեժ քննարկվում էին, երբ  թուրքական կառավարությունը հայտարարեց իր որոշումը, որով պարզապես նշանակվեց փոխպատրիարք։