ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հայաստանի հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին: Հաղորդման` ընդարձակ տեքստում ներկայացված են մարտի 3-ին կառավարության շենքի առաջ տեղի ունեցած միջադեպի մանրամասները:

«ՀՀ ոստիկանության աշխատակիցները կատարել են մի շարք քրեորեն հետապնդելի արարքներ, որոնց հիման վրա պահանջում ենք կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված գործողություն` հարուցել քրեական գործ ապօրինի գործողություններ իրականացրած բոլոր ոստիկանների նկատմամբ»: Հաղորդման տեքստի հատ ստորագրել են  Զարուհի Փոստանջյանը, Անահիտ Բախշյանը,  Արմեն Մարտիրոսյանը, Ստյոպա Սաֆարյանը, Լարիսա Ալավերդյանը,

Դավիթ Սանասարյանը, Արամ Ենոքյանը, Սեդա Մելիքյանը:

Հիշեցնենք, որ մարտի 3-ին կառավարության շենքի մոտակայքում ոստիկանների եւ պատգամավորների միջեւ բախում է տեղի ունեցել: Ըստ ցուցարարների, մոտ 40 ոստիկաններ` Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գլխավորությամբ, հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, քաշքշել ու հարվածներ հասցրել: Ոստիկանները չեն խնայել նաեւ կանանց: Ռոբերտ Մելքոնյանն անձամբ քաշքշել է Զարուհի Փոստանջյանին, իսկ ՀԱԿ-ի անդամ Վարդգես Գասպարին գետնին են տապալել, բռնություն կիրառել ու բերման ենթարկվել ոստիկանություն:Քաշքշոցի հետեւանքով, վատացել էր մի կին, ում շտապօգնության մեքենայով տեղափոխել էին հիվանդանոց: Դեպքի վայր էր ժամանել «Շտապօգնության» մեքենան, որի մեջ կտրուկ վատացել է Անահիտ Բախշյանի վիճակը եւ բժիշկները առաջին օգնություն էին ցուցաբերել նրան: Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հայտարարել էր, թե միջադեպի հետ կապված ծառայողական քննություն է նշանակելու: