2011 թ. հունվարին ֆիզիկական անձինք ոչ առեւտրային նպատակներով Հայաստան են փոխանցել 67 մլն դոլար՝ 15 մլն դոլարով ավելի, քան 2010 թ. հունվարին։ Այդ մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ Կենտրոնական բանկի այսօր՝ մարտի 9-ին հրապարակած տեղեկագրից։

Սովորաբար հունվարը տրանսֆերտների պասիվ ամիս է, քանի որ արտագնա աշխատանքի մեկնողներից շատերն այդ ժամանակ գտնվում են Հայաստանում։ Տրանսֆերտների պիկային ամիսներ են համարվում հուլիսը եւ դեկտեմբերը, երբ դրանց ծավալը կայուն գերազանցում է 120 մլն դոլարը։

Այնուամենայնիվ՝ այս տարվա հունվարի ցուցանիշը նախորդ տարիների հունվարների համեմատ համարվում է ռեկորդայիններից մեկը, եւ զիջում է միայն 2008 թ. հունվարին, երբ Հայաստան է փոխանցվել մոտ 75 մլն դոլար։

Փորձը ցույց է տալիս, որ Հայաստան մտնող տրանսֆերտները աճում են նավթի միջազգային գներին զուգահեռ, ինչը նպաստում է Ռուսաստանում տնտեսական իրավիճակի բարելավմանը։

Ռուսաստանը շարունակում է մնալ տրանսֆերտային հիմնական դոնորը՝ 2011 թ. հունվարին այս երկրից փոխանցվել է 52,5 մլն դոլար, նախորդ տարվա 39 մլն դոլարի համեմատ։

ԱՄՆ-ից փոխանցվել է 4,5 մլն դոլար՝ նախորդ տարվա 3,5 մլն դոլարի համեմատ։

Մյուս երկրներից կատարվող փոխանցումները էական դեր չեն խաղում։