2011 թ. պետական բյուջեից կֆինանսավորվեն 95 գիտական ծրագրեր, որոնք մասնագիտական փորձաքննություն են անցել։ Այս մասին մարտի 9-ին լրագրողների հետ հադիպման ժամանակ ասաց Հայաստանի գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը՝ ամփոփելով «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման մրցույթ»-ի  արդյունքները։

Գիտական ծրագրերին հատկացված ընդհանուր գումարը կազմում է 686 մլն դրամ՝ միջինը 7,2 մլն դրամ յուրքանչյուր ծրագրի համար։

Ս. Հարությունյանի խոսքով՝ գումարի մոտ 17 տոկոսը հատկացվելու է ֆիզիկային, 12 տոկոսը՝ կենսաբանությանը, 8.5 տոկոսը՝ գյուղատնտեսությանը, 4.5 տոկոսը՝ բժշկագիտությանը, 4.5 տոկոսը՝ հումանիտար գիտություններին, 14 տոկոսը՝ հայագիտությանը եւ սոցիալական գիտություններին:

«Մրցույթի գիտական փորձաքննությանը մասնակցեցին հեղինակավոր գիտնականներ Հայաստանից, եւ մոտ 80 գիտնական 13 այլ պետություններից՝ ԱՄՆ, Կանադա, Ռուսաստան, Անգլիա, Ֆրանսիա, Իսպանիա, Բելառուս եւ այլն»,-ասաց Ս. Հարությունյանը: