Պաշտոնական այցով Լատվիայում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 9-ին նախագահ Վալդիս Զատլերսի հետ հանդիպումից հետո ծաղկեպսակ է դրել Ազատության հուշարձանին:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ նախագահն այնուհետ մեկնել է Լատվիայի խորհրդարան: Խորհրդարանի խոսնակ տիկին Սոլվիտա Աբոլտինայի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել հայ-լատվիական միջխորհրդարանական համագործակցությանը: Զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ կապերի բարձր մակարդակը` գոհունակությամբ արձանագրելով, որ Հայաստանի եւ Լատվիայի խորհրդարաններում ձեւավորված բարեկամական խմբերը հաջողությամբ համագործակցում են եւ պատրաստակամ են զարգացնելու փոխգործակցությունը` նկատի առնելով առկա մեծ ներուժը:
Նախագահ Սարգսյանը նշել է նաեւ, որ Հայաստանը հետաքրքրված է Եվրամիության հետ գործակցության, ինչպես նաեւ երկրի օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու լատվիական փորձով:
Նկատի առնելով, որ 2012թ. Երեւանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք, իսկ 2014թ. Ռիգան հռչակվել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք` Սերժ Սարգսյանը եւ Լատվիայի խորհրդարանի խոսնակ տիկին Աբոլտինան մշակույթի ոլորտում դա համարել են երկու երկրների միջեւ համագործակցությունը զարգացնելու, փոխշփումների նոր եւ շատ լավ հնարավորություն:
Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցի շրջանակներում այսօր Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի հետ մասնակցել է նաեւ հայ-լատվիական գործարար համաժողովի բացմանը:
Երեկոյան ի պատիվ նախագահ Սերժ Սարգսյանի` Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի եւ տիկին Լիլիտա Զատլերեի անունից կտրվի պաշտոնական ընթրիք:





























