Հայաստանի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի նստավայրում մարտի 10-ին նշանակված է  Չարենցավանի թիվ 5 դպրոցում ծեծի արդյունքում մահացած 10-ամյա Դերենիկ Գասպարյանի գործով քրեական գործի վարույթը կարճելու գործով դատաքննությունը:

Հիշեցնենք, որ Դերենիկ Գասպարյանի մահվան հետ կապված քրեական գործը հարուցվել է 46 օր ուշացումով եւ ոչ թե մահվան փաստի առթիվ, այլ` «մինչեւ մահը հասցված թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասի հատկանիշներով»:

Պատահարը տեղի է ունեցել դպրոցում` քննության ժամանակ, եւ 10-ամյա տղային համադասարանցիների կողմից ծեծի ենթարկելու պահին դպրոցի ադմինիստրացիան միջոցներ չի ձեռնարկել ծեծկռտուքը կանխելու ուղղությամբ, ինչը Դերենիկ Գասպարյանի մահվան պատճառ է դարձել:

Դերենիկ Գասպարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանը պահանջել է վերացնել քրեական գործը կարճելու մասին որոշումը, գործն ուղարկել նախաքննության եւ Կոտայքի մարզի դատախազությանը պարտավորեցնել համապատասխան որոշում կայացնել բողոքարկված որոշման վերաբերյալ: