ԱՄՆ-ին բացարձակապես դուր չի գալիս Վրաստանի եւ Իրանի միջեւ ջերմացող հարաբերությունները եւ այն, որ նրանց միջեւ հանվել է վիզային ռեժիմը: Այս մասին հայտարարել է կովկասյան հարցերով վրացի փորձագետ Մամուկա Արեշիձեն, գրում է վրացական «Կվիրիս պալիտրա» պարբերականը:
Փորձագետի կարծիքով, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն իրոք տեղեկատվություն ունի, որ Իրանից ու Ադրբեջանից Վրաստանի տարածքով, պատրաստվում են թմրանյութեր տեղափոխել Թուրքիա եւ այլ երկրներ:
«Ամերիկացիներին շշմեցրել է Վրաստանից դուրս բերվող թմրանյութերի քանակը, եւ նրանք շատ լավ գիտակցում են, որ Աֆղանստանից եկող թմրանյութը Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքներով փոխադրվում է Եվրոպա: Այս ամենին ավելանում է նաեւ Վրաստան-Իրան հարաբերությունների նոր ձեւաչափը` ոչ վիզային ռեժիմը, որը նույնպես բարկացնում է ամերիկացիներին»,-ասել է կովկասյան հարցերով փորձագետն ու հավելել. «Վրաստանը, որին անհրաժեշտ է թմրանյութերի վերահսկման համակարգի փոփոխություն, դառնում է թմրանյութերի տեղափոխման կարեւոր միջանցք»:
Նրա խոսքով, թմրանյութերի վերաբերյալ ամերիկյան պետական կառույցները Վրաստանին զգուշացրել են, որ իրենց ամենեւին դուր չի գալիս ԱՄՆ-ը - Իրան հարաբերությունների նոր ձեւաչափը, հավաստիացնելով, որ այս ամենը պայթյունավտանգ կարող է լինել Վրաստանի համար:





























