Ինտերնետը կարգավորելն ուղղակի անհնար է, դրա համար անհրաժեշտ է ուղղակի համաշխարհային ցանցն անջատել։ Այդ մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը։

«Եթե վաղը դուք փակեք որեւէ կայք, մյուս օրը ինքը նոր կայք կբացի մի տառի տարբերությամբ եւ դու ոչ մի բան չես կարող անել։ Կփոխի իր դոմենը, սերվերը կտանի արտասահման եւ այլն»,-ասաց Մ. Հարությունյանը։

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նույնպես այն կարծիքին է, որ պետության պատժիչ գործողությունները գործնականում ինտերնետի վրա չեն ազդում։ «Ավելի հեշտ է գնալ այդ կայքի տիրոջը վերցնել ու գլուխը ջարդել, քան կայքը փակել»,-NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ս Մարտիրոսյանը։ Օրինակ՝  Չինաստանում ահռելի ռեսուրսներ են ծախսում կայքերի ֆիլտրացիայի վրա, բայց չինացիները նախընտրում են «արգելված» վեբ-կայքերը։

Նշենք, որ որոշ երկրներում, այնուամենայնիվ, կիրառվում են այս կամ այն կայքը արգելափակելու քայլեր։ Օրինակ՝ հեղինակային իրավունքների ոտնահարման պատրվակով Թուրքիայում ներկայումս արգելափակված է Google-ի Blogspot անվճար բլոգերային համակարգը։ Ընդհանուր առմամբ՝ դատարանների որոշումներով Թուրքիայում արգելափակված են 5000 կայքեր։

Հայ փորձագետների տեղեկացմամբ՝ Հայաստանում ներկայումս արգելափակված կայքեր չկան։