Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 9-ին  ելույթ է ունեցել Ռիգայում հայ-լատվիական գործարար համաժողովի բացման ժամանակ, որտեղ նշել է, որ 2 երկրների համագործակցությունը մեծ ներուժ ունի, որը չի օգտագործվում:

Սերժ Սարգսյանը մասնավորապես, ասել է.

«Նախագահական այցերին զուգահեռ գործարար համաժողովների անցկացումն արդեն ավանդույթ է դարձել եւ դա տնտեսական համագործակցության ակտիվացման լավագույն միջոցներից է, այն հնարավորություն է ընձեռում գործարարներին ծանոթանալու միմյանց երկրների տնտեսությանը, տնտեսվարման պայմաններին, ներդրումային հնարավորություններին եւ հաստատել գործարար կապեր ամենատարբեր ոլորտներում: 

2005թ. Երեւանում անցկացված գործարար համաժողովի արդյունքը 2006թ. լատվո-իսլանդական «Նորվիկ Բանկ» բաժնետիրական ընկերության դուստր կազմակերպության հիմնումն էր Հայաստանում, իսկ 2009թ. դեկտեմբերին կայացած  գործարար համաժողովից հետո որոշակիորեն աճել են նաեւ ապրանքաշրջանառության ծավալները։ Գնահատելով հանդերձ այս դրական դինամիկան, ցավոք չեմ կարող արձանագրել, որ մենք համագործակցում ենք մեր հնարավորությունների ներածին չափով։

Հասկանալի են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հասցրած հարվածները, պրոբլեմները, այնուհանդերձ, ես համոզված եմ, որ մեր ներուժը շատ մեծ է, եւ մենք օգտագործում ենք այդ ներուժի մի չնչին մասը:

Լատվիան հանդիսանում է Եվրամիության անդամ, իսկ Եվրամիությունը, ինչպես գիտեք, Հայաստանի հիմնական առեւտրատնտեսական գործընկերն է։ Ուստի, կարեւորում եմ նաեւ մեր համագործակցության սերտացումը եվրակառույցների շրջանակներում: Իրականացվող հետեւողական բարեփոխումները Հայաստանը կանգնեցնում են եվրոպական ընտանիքի հետ համապարփակ ինտեգրման հրամայականի առջեւ: Այս առումով, Հայաստանի համար մեծ կարեւորություն է ստանում տնտեսության եւ այլ բնագավառներում իրականացրած բարեփոխումների ամբողջականացման եւ եվրոպական չափորոշիչներին հասնելու գործընթացներում Լատվիայի փորձի դիտարկումը:

Հատկապես կառանձնացնեի համագործակցությունը զբոսաշրջության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում, քանի որ հենց այստեղ մեծ ներուժ կա տնտեսական համագործակցությունն ընդլայնելու համար: Բացի այդ, կարող եմ առանձնացնել նաեւ գյուղատնտեսության եւ սննդամթերքի ոլորտները, հատկապես էկոլոգիապես մաքուր ապրանքատեսակների արտադրությամբ զբաղվող երկու երկրների գործարարների միջեւ փորձի փոխանակման, ներդրումների իրականացման եւ համատեղ ձեռնարկությունների ստեղծման անհրաժեշտությունը:

Ընդհանուր առմամբ մեր երկրներն ունեն բավականին զարգացած իրավապայմանագրային դաշտ։ Լատվիայի Նախագահի Հայաստան կատարած նախորդ այցի ընթացքում ստորագրվեց օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիր, որն իրավական հիմքի վրա դրեց Ռիգայի եւ Երեւանի միջեւ իրականացվող ուղիղ չվերթները։ Սա, իր հերթին, լավագույն խթան է մեր երկրների միջեւ ավանդաբար գոյություն ունեցող զբոսաշրջությունը զարգացնելու եւ նորովի խթանելու համար։

Տնտեսական հարաբերությունների զարգացման համար կարեւոր խթան  էր դարձյալ Լատվիայի Նախագահի Հայաստան կատարած նախորդ այցի ընթացքում ստորագրված՝ տնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը։ Եվ կարծում եմ, որ արդեն հասունացել է ժամանակը հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողով ձեւավորելու համար, ինչը թույլ կտա ավելի համակարգված կյանքի կոչելու մեր տնտեսական օրակարգը։ Այսօր այս առաջարկն արժանացել է Լատվիայի նախագահի հավանությանը եւ ամենայն հավանականությամբ, վաղը Լատվիայի վարչապետի հետ մենք կքննարկենք այս հարցն ավելի կոնկրետացնելու խնդիրը:

Ես վստահ եմ, որ 2011թվականին, այսինքն` այսօր կայացած այս գործարար համաժողովն ունենալու է դրական արդյունքներ»: