Միջուկային զենք ստեղծելու Իրանի հնարավորությունները գնալով ավելի ակնհայտ են դառնում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի զենքի չտարածման եւ վերահսկողության հարցերով օգնական Ռոբերտ Այնհորնը:
«Մենք վստահ ենք, որ Իրանը, առնվազն մոտենում է այն շեմին, որից հետո նա հնարավորություն կունենա միջուկային զենք ստեղծել»,- ասել է Այնհորնը, ելույթ ունենալով Վաշինգթոնում սպառազինությունների վերաբերյալ կոնֆերանսում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Այնհորնի խոսքով, ԱՄՆ-ը դեռ չի քննարկում Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը, քանի որ արդեն գործող պատժամիջոցները թույլ են տալիս այդ երկրի նկատմամբ բավական մեծ ճնշում գործադրել: Միաժամանակ, նա չի բացառել, որ այլ երկրներ կարող են իրենց նախաձեռնությամբ քայլեր ձեռնարկել Իրանի դեմ ճնշումներ կիրառելու առումով:
ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը նաեւ նշել է, որ ներկայումս Իրանի ունեցած տեխնոլոգիաները թույլ չեն տալիս նրան ունենալ բավական հարստացվածության ուրան եւ դա է պատճառը, որ Իրանը չի շտապում դուրս գալ սպառազինությունների չտարածման ռեժիմից եւ դադարեցնել երկխոսություններն այս թեմայով:





























