«168 ժամ»-ը գրում է. «Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ (Սամվել) արքեպիսկոպոս Կճոյանը վերջերս «Bentley» մակնիշի ավտոմեքենա է նվեր ստացել իր սանիկից: Այս տեղեկությունը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է եւ Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվանը, եւ արքեպիսկոպոս Կճոյանը:
Մեր թղթակցի հետ հեռախոսազրույցում վերջինիս տված պատասխանները առանձնապես չեն տարբերվել հայաստանյան միջին վիճակագրական օլիգարխի պատասխաններից: Մասնավորապես, ի պատասխան մեր հարցին` արդյոք այդ նվերը հանձնվելու՞ է եկեղեցուն, սույն հոգեւորականը պատասխանել է. «Աղջիկ ջան, դա քո ի՞նչ գործն ա, քո ի՞նչ գործն ա` իմ անձնական կյանքի մեջ ես մտնում»,-գրում է թերթն ու հավելում, որ «Bentley» մակնիշի այն մոդելը, որ նվիրել են Կճոյանին, տատանվում է 180-200.000 դոլարի սահմաններում:





























