Իրանն ու Պակիստանը պայմանավորվել են արագ արձագանքման համատեղ ստորաբաժանում ստեղծելու մասին՝ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին՝ հայտնում է Tasnim-ը։
Ելույթ ունենալով Պակիստանի վարչապետ Իմրան Հանի հետ համատեղ մամուլի ասուլիսում, որը կայացել է Թեհրանում, Իրանի նախագահն ասել է, որ երկրները պայմանավորվել են անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման մասին։
Նրա խոսքերով, Իրանի եւ Պակիստանի սահմանապահ ոստիկանության ուժերը եւ հատուկ ծառայությունները ընդհանուր սահմանին կձեւավորեն արագ արձագանքման համատեղ ուժեր՝ ահաբեկչության դեմ պայքարելու համար։ Ռուհանին նշել է, որ երկու երկրները լի են հարաբերություններն ընդլայնելու վճռականությամբ՝ ընդգծելով, որ երրորդ կողմը երբեք չի կարողանա խախտել նրանց միջեւ եղբայրական եւ բարեկամական կապերը։
Ինչ վերաբերում է տնտեսական կապերի ընդլայնմանը, նախագահը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է բավարարել նավթին եւ գազին վերաբերող Պակիստանի պահանջները։ Նա նաեւ Պակիստան էլեկտրաէներգիայի արտահանումը 10 անգամ ավելացնելու պատրաստակամություն է հայտնել։
Ռուհանին նաեւ ընդգծել է իրանական հարավարեւելյան Չաբախար քաղաքի եւ պակիստանյան Գվադարի միջեւ առավել սերտ առեւտրական փոխգործակցության անհրաժեշտությունը՝ խոսելով երկու նավահանգիստների միջեւ երկաթգծի կառուցման մասին։





























