Չինաստանը, որ Իրանի նավթի արտահանման շուկաների խոշորագույն մասնակիցներից է, քննադատել է իրանական նավթի ներկրումն ամբողջովին արգելելու Վաշինգտոնի որոշումը՝ հայտնում է AP-ը։

Չինաստանը հանդես է գալիս «Վաշինգտոնի միակողմանի պատժամիջոցների» դեմ՝ հայտարարել է արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Գեն Շուանը։ Նա նշել է, որ Իրանի հետ Պեկինի հարաբերությունները «խելամիտ են եւ օրինական»։ Նրա խոսքերով, Պեկինը կպաշտպանի իր ընկերությունների օրինական իրավունքները։

Ինչպես հայտնի էր դարձել ավելի վաղ, Թրամփի վարչակազմը մտադիր է հայտնել երկրներին, որ այլեւս չի ազատի նրանց Իրանի նավթի հետ կապված պատժամիջոցներից։ Դրանց սահմանումից հետո մի շարք երկրներ, որոնց թվում ՉԺՀ-ը, ժամանակավորապես ազատվել էին ամերիկյան միջոցառումներից։ Սակայն այժմ ԱՄՆ-ը մտադիր է ուժեղացնել ճնշումն Իրանի վրա, որի հետ կապված՝ պատրաստվում է ամբողջովին արգելել Իրանից նավթի արտահանումը։