ԵԱՀԿ-ի մամուլի հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել լրագրող Էյնուլլա Ֆաթուլաեւի նկատմամբ հալածանքները, կատարել պարտավորությունները ԵԱՀԿ-ի առջեւ եւ կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, ըստ որի` լրագրողը պետք է անհապաղ ազատ արձակվի:
Մարտի 2-ին Ֆաթուլաեւը տեղափոխվել է Բաքվի թիվ 1 գաղութ: Նա խնդրել էր Արդարադատության նախարարությանն իրեն տեղափոխել մենախուց:
«Ես խորապես անհանգստացած եմ Ֆաթուլաեւի ճակատագրով եւ նրա առողջական վիճակի վատթարացմամբ, նաեւ տեղեկություններով, որ իր ընտանիքը անանուն սպառնալիքներ է ստանում»,- ասել է Միյատովիչը` կոչ անելով Ադրբեջանի իշխանություններին կատարել իր պարտավորությունները եւ իրականացնել բոլոր միջոցները լրագրողի անվտանգությունը պահպանելու համար:
«Հերիք չէ, որ ադրբեջանական իշխանությունները արհամարհում են Եվրոպական դատարանի որոշումը, նրանք նաեւ շարունակում են պարբերաբար հետապնդել լրագրողին»,- ասել է Միյատովիչը:
Ֆաթուլաեւը ձերբակալվել է 2007թ. ապրիլի 20-ին եւ ազատազրկման դատապարտվել: Նրա դեմ հարուցված գործը քաղաքական հետապնդման վառ օրինակ է:




























