Լեւոն Ղասաբյան անունով մոտ 65 տարեկան մի տղամարդ այսօր՝ մարտի 10-ին, ներխուժել է «Ռադիո Ավրորայի» գրասենյակ, ներկայացել իբրեւ այդ ռադիոկայանի ունկնդիր եւ ասել, որ եթե ռադիոկայանը չհեռարձակի իր սիրելի հեղինակների՝ Ռուբեն Հախվերդյանի, Արթուր Մեսչյանի եւ Ալլա Լեւոնյանի կատարումները, ապա ինքը կպայթեցնի իր մոտ գտնվող «ռումբը»։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին պատմեց «Ռադիո Ավրորայի» փոխտնօրեն Ռուզաննա Շահինյանը։
Նրա խոսքով, միջադեպի պահին ռադիոկայանի տնօրեն Միքայել Ջանփոլադյանը տեղում չի եղել եւ ռադիոկայան ներխուժած տղամարդու հետ ստիպված է եղել խոսել ինքը։
«Այդ տղամարդը դժգոհում էր, որ իր սիրած երգիչների կատարումները մեր եթերից չեն հնչում, իսկ ես էլ փորձում էի բացատրել, որ նրա պահանջած հեղինակները մեր ռադիոկայանի ձեւաչափին չեն համապատասխանում։
Այդ ժամանակ նա սկսեց գոռգոռալ եւ սեղանին դնելով ձեռքում եղած սարքը՝ սպառնաց պայթեցնել այն։ Նույնիսկ կեղծ սարքի վրա կարմիր լույս վառվեց։ Մենք միանգամից ոստիկանություն կանչեցինք։ Մի քանի րոպեից ռադիոկայան հասան ոչ միայն ոստիկանները, այլ նաեւ Ազգային անվտանգության եւ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները»,- պատմեց Ռուզաննա Շահինյանը։
Ամփոփելով՝ նա տեղեկացրեց, որ գործի փաստով նախաքննություն է սկսվել, ռումբանման սարքն ուղարկվել է փորձաքննության, իսկ 65-ամյա տղամարդուն տեղափոխել են ոստիկանական բաժանմունք։





























