Շիրակի մարզում գարնանային վարարումներն ու սողանքները լուրջ վտանգ են առաջ բերում մարզի գյուղերում:
Շիրակի մարզային փրկարարական վարչությունն այսօր՝ մարտի 10-ին ամփոփել է ձմեռային աշխատանքային եռամսյակը: 2011 թվականը ձյունառատ է եղել, հետեւաբար առաջիկայում մասնագետները սպասում են վարարումների: «Ամեն տարի փրկարար վարչության աշխատակիցները կանգնած են նույն խնդրի առաջ: Կառավարությունից գարնանային հեղեղումները մեղմելու կամ կանխարգելելու համար գումարներ չեն հատկացվում, այստեղ է, որ անելիքներ շատ կան», -NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը:
«Գարնանը գետերը վարարում են, հունից դուրս գալիս եւ հեղեղումների պատճառ դառնում: Արդյունքում իրավիճակը դառնում է անվերահսկելի, Ախուրյան գետն արդեն վարարել է»,- իր հերթին նշել է Շիրակի մարզի օթեւերութաբանական ծառայության ղեկավար Հերմես Թադեւոսյանը:
Նշենք, որ այս առումով առավել անհանգստացնող է Շիրակի մարզի Առափի գյուղի բնակիչների վիճակը: Գյուղի բնակֆոնդի շուրջ 60 տոկոսը վտանգի տակ է, համայնքին սպառնում են սողանքները: Ստորգետնյա հոսող ջրերի պատճառով սարը տեղաշարժվում է դեպի տները, բնակարանները վթարային վիճակում են, իսկ բնակիչները պարզապես ելք չունեն, ոչ կարող են վերանորոգել, ոչ սպասել: Մի քանի անգամ խոստացել են պետական միջոցներով սողանքի դեմն առնել, սակայն խոսքը գործ չի դառնում:




























