Բաքվի «Ժողովրդավարության ազգային ինստիտուտի» (NDI) գրասենյակը փակման մասին նամակ-զգուշացում է ստացել։ Այս մասին հայտնում է «Ազադլիգ» ռադիոկայանը՝ նշելով, որ  Բաքվում NDI գրասենյակի ղեկավար Ալեքս Գրիգորեւը մարտի 7-ին հրավիրվել է Ադրբեջանի արդարադատության նախարարություն, որտեղ նրան հանձնել են նամակը։

Գրավոր զգուշացումում նշված է, որ կազմակերպությունը գրանցված չէ Ադրբեջանում, եւ նրա գործունեությունն անօրինական է, հետեւաբար պահանջվում է դադարեցնել կազմակերպության գործունեությունը։ Նշենք, որ NDI-ը Ադրբեջանում 5 տարվա գործունեության ընթացքում մի քանի անգամ դիմել է Ադրբեջանի արդարադատության նախարարություն, գրանցման խնդրանքով, սակայն ամեն անգամ մերժում է ստացել։  

Ներկայումս Բաքվում ԱՄՆ դեսպանատունը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը եւ NDI-ի Վաշինգտոնի գրասենյակը խորհրդատվություններ են անցկացնում։ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական ներկայացուցիչ Քիտ Բինը «Ազադլիգին» հայտնել է, որ իրենք փորձում են հստակեցնել NDI-ի ներկայացուցչության հարցը, ինչից հետո պաշտոնական հայտարարություն է տարածվելու։

Բաքվի NDI-ի ներկայացուցչությունն արդեն մեկ տարի է, որ դադարեցրել է իր ծրագրերը, որոնք հիմնականում վերաբերում են ընտրությունների մոնիտորինգին եւ երիտասարդության հետ աշխատանքին։