Հյուսիսային Կորեայի առաջնորդի վազող թիկնապահներն այս անգամ ցնցել են վագոնի կողքով վազելով, որից պետք է իջներ Կիմ Չեն Ընը։

Մի քանի մարդ սպիտակ ձեռնոցներով դուրս են թռել վագոնից Վլադիվոստոկում եւ սկսել մաքրել զրահագնացքի բռնակներն ու ապակիները։ Դրանից հետո Կիմ Չեն Ընը դուրս է եկել գնացքից, դրել գլխարկն ու ժպտացել դիմավորողներին՝ Հեռավոր Արեւելքի զարգացման նախարար Ալեքսանդր Կոզլովի գլխավորությամբ։ Կիմը մտել է կայարանի շենք։ Խասան կայարանում նա համտեսել է իրեն մատուցված ողջույնի աղուհացը։

Կիմ Չեն Ընի ժամանելուց առաջ Վլադիվոստոկի կառամատույցը լվացել էին օճառով։ Կարգի էր բերվել  համաշխարհային հեղափոխության առաջնորդի հուշարձանի շրջակա տարածքը։ Լապտերները զարդարված էին երկու երկրների դրոշներով։ Ներկվել էին նաեւ կայարանի շենքի պատերը, տեղեկացնում է Primamedia.ru պորտալը։

Ի՞նչ են հյուրասիրելու Կիմին

Հյուսիսային Կորեայի պատվիրակությանը Վլադիվոստոկում կհյուրասիրեն ռուսական խոհանոցի կերակրատեսակներով՝ այդպես են ցանկացել հյուսիսկորեացի հյուրերը։ Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքին պատմել է Պրիմորիեի նահանգապետ Օլեգ Կոժեմյակոն։ «Պարզ կերակուրներ են լինելու. մեր բորշչը, մեր պիլմենիները։ Այն, ինչով աչքի է ընկնում ավանդական ռուսական խոհանոցը»,- ասել է նա։ Պրիմորիեի նահանգապետի խոսքով՝ Հյուսիսային Կորեայի պատվիրակության հետ միասին եկել են նաեւ հյուսիսկորեացի խոհարարներ, տեղեկացնում է Life-ը։

«Ստիլյագա» Կիմը

Մի չափս մեծ հագուստը կամ տրենդ է, կամ ժամանակավրեպ կլասիկա։ Ազատ չափի հագուստի հանդեպ Կիմ Չեն Ընի հակումները վաղուցվա պատմություն են։ Դե ահա, Վլադիվոստոկ էլ եկել է անչափս ու երկար, երկօձիք վերարկուով ու լայն տաբատով։ Ակնհայտ է, որ այդ ընտրության պատճառը տրենդները չեն, այլ կազմվածքի առանձնահատկությունը, որի համար այնքան էլ հեշտ չէ լավ կարված կոստյում ընտրել։ 30-40-ականների լայն տաբատը իսկապես նորից մոդայիկ է դառնում, իհարկե, այն ենթադրում է բարձր հասակ ու բարակ մեջք։ Եվ եթե Հյուսիսային Կորեայի առաջնորդի լայն տաբատը՝ էլի մի կերպ, բայց կոնքի լայնության վրա արժեր աշխատել։ Միանգամայն անսպասելի է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդն իր կերպարը լրացրել էր լայնեզր գլխարկով, որն, ի դեպ, հիմնականում ձեռքին էր պահում, գրում է ՌԲԿ-Ստիլը։

Կիմ Չեն Ընը չի ընդունում վառ գույներն ու նախշերը, փոխարենը հաճախ հայտնվում է ուղղահայաց գծերով հագուստով։ Դե ինչ, լիովին տեղավորվում է ննջազգեստի ոճի մեջ, նկատի ունենալով, որ քաղաքական գործիչը սիրում է գծավոր գործվածքները։

Ինչպես բոլոր ավտորիտար առաջնորդները, Կիմ Չեն Ընը զինվորական ոճի սիրահար է՝ ֆրենչ, կիտել, մինչեւ վերջ կոճկված, որոնք հազվադեպ փոխարինվում են սեւ վերարկուներով։