Իրանն իր բյուջեից 600 մլրդ ռեալ (60 մլն դոլար) է հատկացրել Թավրիզ ավտոմայրուղու շինարարության համար։ Այս մասին հայտնում է իրանական «ԻՐՆԱ» գործակալությունը՝ վկայակոչելով մեջլիսի պատգամավոր Ալի Ռեզա Մանադիին։
Իրանցի պատգամավորը նշել է, որ այս ավտոմայրուղին Իրանը Հայաստանի հետ միացնող տեղ կդառնա, եւ ակտիվ շփումների արդյունքում ավտոմայրուղու վրա գտնվող բնակավայրերը կսկսեն զարգանալ։
2009 թվականի սեպտեմբերին Հայաստանի կառավարությունը եւ Զարգացման ասիական բանկը պայմանագիր էին կնքել Իրան-Հայաստան 550 կմ երկարությամբ ավտոմայրուղու շինարարության համար հատկացնել 500 մլն դոլար։ Ասիական բանկի գնահատականներով, նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 1,5 մլրդ դոլար։
Մինչ այժմ ֆինանսավորվել է միայն առաջին՝ նախագծային փուլը, դրա համար հատկավել է 300 հազար դոլար։ Այդ ծրագրի շրջանակներում կկառուցվի ոչ թե նոր մայրուղի, այլ կվերակառուցվի Հայաստանի՝ Իրանի հետ սահման ձգվող ավտոմոբիլային ճանապարհը։



























