Մոտ ապագայում հնարավոր կլինի որոշակի համաձայնության հասնել ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ: Այս մասին Ռիգայում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, մեկնաբանելով մարտի 5-ին Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքները:
«Այսօր առավոտյան Լատվիայի վարչապետի հարցին՝ ԼՂ հարցում առաջընթացի մասին, ես պատասխանեցի, որ եթե այդ հարցը տրվեր մեկ շաբաթ առաջ, ես կասեի, որ ոչ մի արդյունք, ոչ մի դրական տեղաշարժ չեմ սպասում: Բայց Սոչիի հանդիպումից հետո կարելի է ասել, որ Ադրբեջանի դիրքորոշման մեջ որոշակի առաջընթաց կա»,- նշել է Սերժ Սարգսյանը Ռիգայում հայ համայնքի հետ հանդիօպման ժամանակ:
«Ես կարծում եմ, որ մոտ ապագայում հնարավոր կլինի որոշակի համաձայնության հասնել ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ»,- ասել է ՀՀ նախագահը, ընդգծելով, որ խոսքը գնում է երեք հիմնարար սկզբունքների մասին՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ ազգերի ինքնորոշում:
«Այդ սկզբունքների շուրջ համաձայնության հասնելուց հետո կարելի է սկսել բանակցությունների նոր փուլ եւ այդ ժամանակ շատ հարցեր կմանրամասնվեն, հնարավոր կլինի քննարկել դետալները: Ես ցանկանում եմ նշել, որ սկզբունքների շուրջ համաձայնությունը դա միայն բանակցությունների սկիզբն է, ոչ թե վերջը»,- ասել է Սարգսյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մարտի 5-ին Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը՝ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ։ Սա նախագահների՝ եռակողմ ձեւաչափով 8-րդ հանդիպումն է։
Նախագահները համատեղ հայտարարություն են ընդունել, որում պարտավորվել են
-Ամենակարճ ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակումը
-Ձգտել բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով եւ կրակի դադարեցման գծի երկայնքով կողմերի մասնակցությամբ անցկացնել հնարավոր միջադեպերի հետաքննություն` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ:
Նշենք, նաեւ որ հանդիպման նախօրեին ադրբեջանական դիպուկահարի գնդակից զոհվել էր հերթական հայ զինվորը: Պաշտոնական Բաքուն համառորեն հրաժարվում է ընդունել միջնորդների` շփման գծից դիպուկահարների դուրս բերման վերաբերյալ առաջարկությունը:




























