Անթիլիասում մարտի 7-10-ին տեղի է ունեցել Հայ Եկեղեցու ծիսական հարցերի հանձնախմբի երկրորդ հանդիպումը: Ամենայն հայոց կաթողիկոսության կողմից սույն հանձնախմբի կազմում են եղել Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը (համաատենապետ), Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը եւ Տ. Վահան ծայրագույն վարդապետ Հովհաննիսյանը: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կողմից հանձնախմբում են Տ. Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանյանը (համաատենապետ), Տ. Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը եւ Տ. Գրիգոր ծայրագույն վարդապետ Չիֆթճյանը:

Հանձնախումբը քննարկել է Հայ Եկեղեցու սուրբ մկրտության խորհրդին առնչվող հարցեր, որի արդյունքում որդեգրվել է Մկրտության միասնական բնագրի նախագիծ:

Հանձնախումբը որոշակիացրել է նաեւ Ս. Մկրտության խորհրդի արարողության հետ կապված կանոնական, խրատական, ուսուցողական եւ բարեպաշտական հարցեր: Հանդիպման երկրորդ օրվա ընթացքում նկատի են առնվել դաստիարակչական, խրատական եւ բարեպաշտական այնպիսի հարցեր, որոնք առնչվում են մկրտվողներին հավատքի հիմնադրույթների ուսուցմանը, կնքահոր պարտականություններին եւ հարակից այլ հարցերին:

Երրորդ նիստի քննության նյութը Մկրտության խորհրդի կանոնական հարցերն էին: Այս շրջագծի մեջ հանձնախումբն անդրադարձել է մկրտության խորհրդակատարության արարողակարգային, մկրտյալների տարիքային եւ մկրտության իրականացման համար առաջադրված կանոնական պայմաններին: