Facebook-ում մահացածների թիվը ընդամենը 50 տարի անց կգերազանցի ողջ օգտատերերի թվին։ Նման եզրահանգման են եկել բրիտանացի հետազոտողները, որոնք իրենց ուսումնասիրությունների արդյունքները հրապարակել են Big Data and Society ամսագրում՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Սոցիալական ցանցերը վաղուց սկսել են մեծ տեղ զբաղեցնել Երկրի համարյա բոլոր մարդկանց կյանքում, ովքեր համացանցին հասանելիություն ունեն։ Մարդիկ այնտեղ թողնում են հսկայական քանակի անհատական տվյալներ եւ այլ օգտակար տեղեկատվություն, որոնք այդ ցանցերի ստեղծողները օգտագործում են գովազդն առաջ մղելու, իսկ գիտնականները՝ ծայրահեղ հետաքրքիր բացահայտումներ անելու համար։
Օրինակ, երեք տարի առաջ Twitter-ում մի քանի միլիոն գրառումների վերլուծությունը օգնել է հոգեբաններին պարզել, թե ինչ խոսքեր են օգտագործում «իսկական տղամարդիկ», իսկ սոցիոլոգները, ցանցերում ուսումնասիրելով հարցումները, հայտնաբերել են, որ նման տվյալները ավելի հստակ են արտացոլում ծայրահեղական եւ ռասիստական միտումները հասարակության մեջ, քան դասական հարցումները։
Արդեն անցյալ տարի «մահացած» հաշիվների թիվը, ինչպես նշել է հենց Facebook-ը, անցել է50 միլիոնից։ Դա դժվարություններ է առաջացնում ինչպես մահացածների հարազատների, այնպես էլ սոցիալական ցանցերի համար, որոնք ստիպված են բախվել այդ հարցի ինչպես իրավական, այնպես էլ բարոյաէթիկական կողմի հետ։
Facebook-ի եւ այլ սոցիալական ցանցերի արագ վերածվելը մահացած մարդկանց «թվային ժառանգության» ինքնատիպ պահուստի, խոսում է այն մասին, որ դրանց ղեկավարներն ու աշխատակիցները պետք է մտածեն ինչպես ֆիզիկապես պահպանեն այդ տվյալները, ով կարող է դրանք տնօրինել եւ ինչպես կարելի է դրանց հետ աշխատել։




























