«Կասպերսկու լաբորատորիա» ընկերության աշխատակիցները նշել են աշխարհում գոյություն ունեցող հաքերների ընդհանուր թիվը։ Նրանք, ինչպես ցույց է տվել մոտավոր հաշվարկը, մի քանի տասնյակ հազար են կազմում՝ գրում է Planet Today-ը։

Հաքերային համագործակցության կառույցը, ըստ մասնագետների, միատարր չէ՝ կիբեռչարագործները բաժանվում են խմբերի՝ կախված մասնագիտացումից։

Հաքերների ամենամեծ թվով խմբավորումը կազմում են կիբեռչարամիտները, որոնք գործում են ֆինանսական ոլորտում։ Հենց այս հաքերներն են պատասխանատու բանկային տեղեկատվական համակարգի վրա գրոհների համար, սակայն նրանք չեն խորշում կոտրել նաեւ բիզնեսի եւ մասնավոր ոլորտի համակարգը։

Հաքերները, որոնք կարող են գլուխ գովել ամենալուրջ տեխնիկական հագեցվածությամբ, վնասաբեր եւ լրտեսական ծրագրերի ստեղծողներն են։ Հաքերների համագործակցության ամենավտանգված անդամները, այսպես կոչված, դրոպներն են, այսինքն մարդիկ, որոնց ուժերով հաքերները փոխգործակցում են իրական աշխարհի հետ (օրինակ, դրոպների վրա ձեւակերպվում են բանկային քարտեր, որոնց վրա հաքերները գողացված փողեր են գցում)։

Կան նաեւ բոտոբույծներ, որոնք զբաղվում են զոմբի ԱՀ-ից բոտնեթեր ստեղծելով, կամ՝ օպերատորներ, որոնք կառավարում են վարակված համակարգիչները, ինչպես նաեւ՝ հաքերական այլ մասնագիտացում ունեցող ներկայացուցիչներ։

Կիբեռչարամիտների մեծ մասը գործում է փակ եւ կիսափակ ցանցային հարթակներում՝ նրանց հասանելիություն կարելի է ստանալ փողով կամ միջնորդությամբ։ Տեխնիկապես ամենակոփված հաքերները, սակայն, նման ֆորումներում չեն հանդիպում, նրանք շփվում են սեփական անհատական կապի միջոցներով։ Փորձագետները ենթադրում են, որ «էլիտար հաքերների» խումբը կազմում են ընդամենը մի քանի հարյուր մարդ։