Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ամերիկացի իր պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում նրան առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ՝ Անկարայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրներ գնելու մասին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Թուրքիայի նախագահի աշխատակազմին։
«Մեր նախագահն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, նա հնչեցրել է Ս-400-ի վերաբերյալ աշխատանքային խումբ ստեղծելու գաղափարը»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ երկու նախագահները քննարկել են իրավիճակը Սիրիայում եւ պայմանավորվել սերտ համագործակցել ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաեւ հաստատել են մտադրությունը՝ մեծացնել ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ՝ հասցնելով 75 մլրդ դոլարի։ Բացի այդ, տեղեկացվում է, որ Էրդողանը Թրամփին ցավակցել է շաբաթ օրը ամերիկյան Կալիֆոռնիայի նահանգում սինագոգի վրա հարձակման կապակցությամբ, որի հետեւանքով մեկ մարդ զոհվել է, չորսը՝ վնասվել։
Ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր, որ չի հրաժարվի Ս-400-ներ գնելու պլաններից եւ որ ՀՕՊ համակարգերի առաջին խմբաքանակը երկիր կգա հուլիսին։ ԱՄՆ-ը հայտարարում է, որ Ս-400 համակարգերը անհամատեղելի են ՆԱՏՕ չափորոշիչների հետ, սպառնում է պատժամիջոցներով դրանց հնարավոր ձեռքբերման համար եւ քանիցս ասել է, որ կարող է ձգձգել կամ չեղարկել Թուրքիային նորագույն F-35 ինքնաթիռների վաճառքը։ Թուրքիան F-35-ի ստեղծման գծով ԱՄՆ միջազգային ծրագրի մասնակիցներից մեկն է։ Թուրքիայում քանիցս հայտարարել են նաեւ, որ Ս-400-ները սպառնալիք չեն ներկայացնում ամերիկյան F-35-ներին։



























