Դավիթ Սանասարյանին առաջադրվել է հանիրավի մեղադրանք: Այդ մասին այսօր՝ աօրիլի 30-ին մամուլի ասուլիսին ասաց Սանասարյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը։

«Նա որևէ արարք չի կատարել, ինչի համար կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել, այս ամենը շինծու է, որը իրականացվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից: Երբ որ Սանասարյանը հրավիրվեց որպես վկա, սակայն նրան արդեն լսում էին կասկածյալի իրավունքներով եւ պարտականություններով: Ի դեպ նա ներկայացել էր առանց պաշտպանի, բայց արդեն կար ուրվածգված որոշակի պլան, որով պետք է տեղի ունենային գործողությունները», - ասաց նա։

Սանասարյանի մյուս փաստաբան Արսեն Սարդարյանն էլ  հավելեց, որ այս քրեական գործի հարուցումը բացառում է մեղադրյալի կարգավիճակը Սանասարյանի համար։

Փաստաբանը նշեց, որ կորցրել են վստահությունը ԱԱԾ-ի քննչականի նկատմամբ։

«Հիմա թե քննչական մարմինն է այսպիսի կոպիտ սխալ թույլ տալիս պաշտոնյայի նկատմանբ, թե ինչ-որ ստորգետնյա ջրեր կան, որ չենք տեսնում, այնուամենայնիվ, մենք ունենք փաստ՝ անձն, ով իր ամբողջ կյանքը նվիրել է պայքարին, հենց նույն պայքարի ընթացքում սկսում է քրեական հետապնդման ենթարկվել», - ասաց Արսեն Սարդարյանը։

Դավիթ Սանասարյանն էլ ասաց, թե երբ պետք է սկսեին ուսումնասիրությունը հեմոդիալիզի պարագաների վերաբերյալ, իրեն զգուշացրել են, որ մտնում է մի դաշտ, որտեղ լուրջ հակահարձակում է լինում. «Ինձ ասացին, որ նախկին օլիգարխների դաշտ ենք մտնում: Իմ պատասխանը հստակ է եղել՝ մեզ չի հետաքրքրում՝ ովքեր են, ինչ են, օրինականությունը, ամեն դեպքում, պետք է պահպանվի»:

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով. այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը:

Ըստ ԱԱԾ-ի՝ քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որոնք առերևույթ վկայում են այն մասին, որ վերջինս, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Դավիթ Սանասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից միաժամանակ որոշում է կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին։