Իրականում Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրները եւ ոլորտները լիովին չեն գնահատված: Այս մասին ապրիլի 30-ին Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում ասաց Լեռնային Ղարաբաղի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը:
Նրա կարծիքով՝ Հայաստանի եւ Ղարաբաղի քաղաքացիական հասարակության համագործակցությունը կարելի սկսել թեկուզ այս խնդիրների քննարկումից: «Կան որոշակի գաղափարներ: Առաջիկայում Ղարաբաղում, օրինակ, կանցկացվի Ղարաբաղի եւ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համաժողով»,- հայտնեց Բեգլարյանը:
Նա նշեց, որ Հայաստանն ու Ղարաբաղը, ըստ էության, մեկ երկիր է մեկ ժողովրդով, եւ այս պատճառով պետության ներքին գործերին միջամտության առումով ոչ մի մտավախություն չի կարող առաջանալ: «Եվ այս միասնական հայրենիքում չպետք է լինի քաղաքացիների ինչ-որ հատված, որը կտրված կլինի մարդու իրավունքների այն առավելություններից, որոնք ինչ-որ կերպ գրանցված են»,- եզրափակեց Ղարաբաղի օմբուդսմենը:




























