Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ապրիլի 30-ին  գյուղատնտեսության նախարար  Ժիրայր Միրզոյանի,  շրջվարչակազմերի ղեկավարների, ինչպես նաեւ պաշտպանության նախարարության եւ   արտակարգ  իրավիճակների պետական ծառայության  ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ քննարկելու գարնանացանի ընթացքում    հակահրդեհային եւ հակակարկտային  կանխարգելիչ միջոցառումների  անվտանգ կազմակերպման հարցերը:

Խորհրդակցությանը զեկուցմամբ հանդես է եկել գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը: Վերջինս ներկայացրել է գարնանացանի ընթացքի վերաբերյալ ցուցանիշներ, նշել, որ պահանջված սերմերի տրամադրումը գտնվում է ավարտման փուլում եւ ուշացումներ չեն նախատեսվում: Խոսելով  հակահրդեհային եւ հակակարկտային  պաշտպանության մասին՝ Ժ. Միրզոյանը մասնավորապես  նշել է. «Գործընթացը իրականացվում  է երկու եղանակով՝ քիմիական եւ մեխանիկական: ՄԻնչեւ մայիսի 6-ը նախատեսվում է ավարտին հասցնել քիմիական եղանակով պայքարը, իսկ մեխանիկականը՝  կախված եղանակային պայմաններից՝ նախատեսում ենք ավարտել մինչեւ հունիսի սկիզբ»:

Գ. Մարտիրոսյանը լրացուցիչ պարզաբանումներ  ստանալաով վարչակազմերի ղեկավարներից  նշել է, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի նվազագույնի հասցվի ցանքատարածություններում  հրդեհների  պատճառով բերքի կորուստը՝ անհրաժեշտության դեպքում ներգրավելով լրացուցիչ միջոցներ: «Այս տարի ունենք  գոհացնող նախադրյալներ  բոլոր մշակաբույսերից լավ բերք ստանալու համար: Այդ իսկ պատճառով  պետք է օգտագործենք    հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումների իրականացման համար մեր ամբողջ հնարավորությունները՝ վնասները նվազագույնի հասցնելու համար»,- ասել է Գ. Մարտիրոսյանը:

Խորհրդակցությանը արտակարգ  իրավիճակների պետական ծառայության  տնօրենի տեղակալ Վլադիկ Խաչատրյանը ներկայացրել է կատարված եւ նախատեսվող աշխատանքների մասին մանրամասներ:

Հանդիպման ավարտին պետնախարարը հորդորել է սերմերի եւ պարարտանյութերի տրամադրմանը զուգահեռ   տեղերում բացատրական  աշխատանքներ տանել դրանց ճիշտ եւ անվտանգ օգտագործման վերաբերյալ:

Խորհրդակցությանը մասնակցել է  քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը: