Վրաստանի հայ համայնքը որոշել է պայքար սկսել երկրի մի շարք լրատվամիջոցներում սկիզբ առած «հակահայ քարոզչության» դեմ: Առիթը վրացական լրատվամիջոցներից մեկում զետեղված նյութն էր, որում պնդում է արվում, թե հայերի նպատակը Վրաստանի փլուզումն է:

Թբիլիսիի հայ համայնքի ակտիվիստներից Դավիթ Մանուսաջյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, թե իրենք բախվում են Թբիլիսիում գործող Ադրբեջանի դեսպանության շատ ակտիվ աշխատանքի հետ, որն աջուձախ գնում է փորձագետների, քաղաքական գործիչների եւ նրանց հանձնարարում է հայերի համար ոչ այնքան հաճելի բաներ ասել:

Մանուսաջյանի խոսքով վրացական լրատվամիջոցներում հայտնվում են նմանատիպ քարոզչական հրապարակումներ, որոնցում երբեմն օգտագործվում են իբր հայերի կողմից արվող հակավրացական հայտարություններ: Նրա խոսքով, սակայն, այդ հայտարարությունները երբեւէ չեն հնչել, եւ իրականում, պարզունակ սադրանք են: «Այս քարոզչության արդյունավետությունն, իհարկե, շատ մեծ չէ: Այն շատ կոպիտ է ու չափազանցված բնույթ ունի: Կարծում եմ, որ խելամիտ քայլերով, օգտագործելով այդ քարոզչության կոպտություն ու ապաշնորհությունը, հնարավոր է հակադարձել դրան: Պետք չէ սակայն մոռանալ, որ հազար անգամ կրկնված սուտը, ի վերջո, ճշմարտություն է դառնում: Այսօր, օրինակ, Վրաստանում հանրային մտայնություն կա, թե հայերը Անդրկովկասում եկվորներ են, եւ այստեղ են հայտնվել երկու հազար տարի առաջ», - նշել է Մանուսաջյանը:

Վրաստանի մայրաքաղաքում գործող ամենաակտիվ հայկական կառույցներից մեկը` Թբիլիսիի հայկական ասամբլեան, նախատեսում է բրիֆինգների շարք անցկացնել` նվիրված վրացական լրատվամիջոցներում հայտնված այս հրապարակումներին:

«Այդպիսի լրատվամիջոցները գիտակցաբար, թե` ոչ, հակահայ քարոզչություն են ծավալում` ամրապնդելով հայ եւ վրաց ժողովուրդների միջեւ ատելության հռետորաբանությունը», - նշված է Թբիլիսիի հայկական ասամբլեայի տարածած հայտարարության մեջ: