«Ինձ համար, ընդհանրապես, շատ տարօրինակ է, որ գյուղացին հող ունի, բայց աղքատ է»,- տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների մասին խորհրդակցության ժամանակ այսօր՝ մարտի 11-ին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու հավելել, որ գյուղատնտեսության ոլորտը պետք է բոլորի ուշադրության կենտրոնում լինի:
«Մեզնից յուրաքանչյուրը պարբերաբար պետք է այցելի գյուղ` եւ վարչապետը, եւ փոխվարչապետը, բոլոր նախարարները: Ինքս եմ պարբերաբար գնալու գյուղ, զբաղվելու գյուղատնտեսական խնդիրներով եւ ինքս եմ որոշ ծրագրեր հսկողության տակ պահելու: Այդ ծրագրերի արդյունքները պետք է երեւան: Գյուղացին պետք է տեսնի, որ ինքը մենակ չէ»,- ասել է նա:
«Որո՞նք են այն պատճառները, որ ստիպում են մարդուն հող չմշակել: Իհարկե, միշտ էլ կարելի է ասել, որ մեր գյուղացիների ինչ-որ մասը չի ուզում աշխատել եւ այլն, եւ այլն: Այդպիսի բան չկա: Եթե մարդը տեսնի, որ հողի վրա աշխատելով` կարողանում է արժանավայել ապրել, հաստատ կաշխատի: Ինչո՞ւ Արարատյան դաշտավայրում ավելի շատ են աշխատում հողի վրա, քան այլ տեղեր, որովհետեւ իրենց աշխատանքի արդյունքը տեսնում են»,- կարծիք է հայտնել Սերժ Սարգսյանը:
Այնուհետեւ նա դիմել է խորհրդակցությանը ներկա գյուղնախարար Սերգո Կարապետյանին. «Բազմաթիվ անգամներ, այդ թվում, երբ Դուք դեռ գյուղնախարար չէիք, ինձ ասում էիք, որ գյուղացիները որեւէ խնդիր չունեն աճեցրած ապրանքն իրացնելու հետ կապված: Բայց ինչո՞ւ մենք դրա մասին հրապարակավ չենք ասում: Ինչո՞ւ չեք ասում` ես որպես գյուղատնտեսության նախարար, երաշխավորում եմ, որ ձեր աճեցրած բարիքն անպայման կարողանալու եք սպառել: Ասեք, եթե այդպես է: Եթե այդպես չէ, ուրեմն պետք չեն այդպիսի խոսակցություններն ընդհանրապես, եւ պետք է անընդհատ վերամշակող արդյունաբերության հնարավորությունները մեծացնել: Մանավանդ, որ մեր վերամշակված արտադրանքը հեշտությամբ կարելի է արտահանել: Ես հիշում եմ, մի քանի ամիս առաջ, երբ Ձեր ձեռնարկությունում էի, ասում էիք, որ չեք հասցնում վերամշակել ու արտահանել, որովհետեւ ներքին շուկայում սպառման ծավալները մեծ են: Դե ուրեմն, հիմա մարդկանց բացատրեք, օգնեք, որ ավելի շատ արտադրեն, որպեսզի ավելի շատ վերամշակեք»,- ասել է Սերժ Սարգսյանը:





























