Սաուդյան Արաբիայի առափնյա պահպանությունը փրկել է իրանական նավթային լցանավ Happiness 1-ի անձնակազմին, որն աղետի է ենթարկվել Կարմիր ծովում Ջիդա նավահանգստից ոչ հեռու, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով սաուդյան մամուլի գործակալությանը:
Գործակալության տեղեկություններով՝ նավում եղել է անձնակազմի 26 անդամ՝ 24 իրանցի եւ 2 բանգլադեշցի: Նրանցից ոչ մեկը չի տուժել:
Associated Press գործակալության տեղեկություններով՝ լցանավից աղետի ահազանգ է ստացվել՝ կապված շարժիչի չգործելու եւ կառավարումը կորցնելու հետ: Փրկարարական գործողությանը մասնակցել են մի քանի գերատեսչություններ, այդ թվում՝ բնապահպանական ծառայություններ: Նավթի հնարավոր թափվելու մասին առայժմ տեղեկություններ չկան:



























