2018 թվականին Հայաստանում հանցագործությունների քանակը թվային արտահայտությամբ աճել է: Այս մասին մայիսի 2-ին ԱԺ-ում Պետաիրավական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստանի հանրապետության դատախազության 2018 թվականի գործունեության մասին» հաշվետվության քննարկման ժամանակ ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Նրա խոսքով՝ այս ընթացքում գրանցվել է 22551 հանցագոծություն: Սա 11,2 տոկոսով ավելի է, քան անցալ տարի: «Սակայն քրեագիտության հարցերում այս կամ այն երկրում հանցագործությունների քանակի աճը կամ նվազումը գնահատելիս ուշադրություն է դարձվում լատենտային հանցագործություններին կամ հակառակը՝ լատենտություն չունեցող»,- հավելեց Դավթյանը:

Ընդ որում՝ նա պարզաբանեց, որ եթե հանցագործությունների լատենտությունը բարձր ցուցանիշներ չունի կամ այնքան էլ նկատելի չէ, հատկապես հանցագործությունների դեպքերում, որոնք ընթանում են բռնության կիրառմամբ, ապա այդպիսի դեպքերում հանցագործությունների թվի աճի կամ նվազման վերաբերյալ կարելի է գնահատական տալ ընդհանուր միտումների մասին:

Հակառակ դեպքում, գլխավոր դատախազի կարծիքով, կարելի է խոսել ոչ այնքան ծանր հանցագործությունների քանակի աճի, որքան իրավապահ մարմինների կողմից բացահայտելիության մեծացման մասին, քանի որ նման կարգի հանցագործությունների բացահայտումը հաճախ ավելի երկարատեւ ժամանակային կտրվածքի կարիք ունի: