Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի տնտեսական հետեւանքներից մեկն էլ համաշխարհային շուկաներում գունավոր մետաղների գների անկումն է։ Դա առաջին հերթին վերաբերում է պղնձին, քանի որ Ճապոնիան պղնձի խոշորագույն ներկրողն է աշխարհում։

Մետաղների Լոնդոնի բորսայում (LME) պղնձի գինը նվազել է 9000 դոլարից՝ առաջին անգամ դեկտեմբերից հետո։ Պղնձի գինն այսօր՝ մարտի 11-ին կազմել է 8992 դոլար մեկ տոննայի դիմաց՝ նախորդ օրվա 9150 դոլարի համեմատ։

Լոնդոնի բորսայում այսօր նվազել են նաեւ այլ գունավոր մետաղների գները։ Այսպես՝ ցինկի տոննան վաճառվել է 2265 դոլարով (անկումը՝ 0,9 տոկոս), ալյումինի տոննան՝ 2528 դոլարով (անկումը՝ 2,2 տոկոս), կապարի տոննան՝ 2410 դոլարով (անկումը՝ 0,8 տոկոս), նիկելի տոննան՝ 25,5 հազ. դոլարով (անկումը՝ 2 տոկոս)։

Հիշեցնենք, որ պղինձը, ալյումինը եւ ցինկը կարեւոր դերակատարում ունեն Հայաստանի արտահանման կառուցվածքում։ 2010 թ. Հայաստանից արտահանվել են մոտ 550 մլն դոլարի գունավոր մետաղներ, որը մեր արտահանման մոտ 55 տոկոսն է։