Ոչ Դոնալդ Թրամպը, ոչ էլ ԱՄՆ-ի բնակչությունը Վրաստանի իրական վիճակի մասին ոչինչ չգիտեն: Այդ մասին հայտարարել է վրացի քաղաքագետ Ռամազ Սաղվարելիձեն` մեկնաբանելով ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփի գովաբանական ներբողները Միխայիլ Սահակաշվիլիի հասցեին:
«Տնտեսության եւ անվտանգության ոլորտներում Վրաստանի բարձունքների վերաբերյալ Դոնալդ Թրամփը ասել է այն, ինչ նրան թելադրել էին Վրաստանի կառավարության ներկայացուցիչը»,- հայտարարել է քաղաքագետը եւ նշել, որ ԱՄՆ-ի բնակչությունը տեղյակ չէ Վրաստանի իրական վիճակի մասին:
«Իսկ, եթե գիտեն (դա վերաբերում է ղեկավարող շրջանակներին), եւ միեւնույն է ծափահարում են Վրաստանի առաջընթացի վերաբերյալ Սահակաշվիլիի հայտարարություններին, ապա դա ուրիշ նպատակ է հետապնդում»,- ասել է նա:
Նշենք, որ Սահակաշվիլիի հետ համատեղ ասուլիսում միլիարդատերն ասել էր. «Դուք իսկապես ամբողջ Եվրոպայում եւ աշխարհում կուռք եք համարվում: ԱՄՆ-ը պետք է ուրախ լինի, ձեր նման գործընկեր ունենալու համար»:





























