Crew Dragon տիեզերանավի պարկուճը, որը նախատեսված էր անձնակազմին տեղափոխելու համար, ոչնչացել է ապրիլի կեսին, փորձարկումների ժամանակ տեղի ունեցած վթարի հետեւանքով։ Այս տեղեկությունը պաշտոնապես հաստատել է SpaceX-ը, տեղեկացնում է Meduza-ն՝ հղում կատարելով CNN-ին։

Ընկերության փոխնախագահ Հանս Քյոնիգսմանը պարզաբանել է, որ ընկերությունում առայժմ չգիտեն կատարվածի ստույգ պատճառը։ Նա նշել է, որ SpaceX-ը չի հրաժարվում մինչեւ տարեվերջ անձնակազմով Crew Dragon արձակելու պլաններից։

Կրակային փորձարկումները, որոնց ժամանակ տեղի է ունեցել վթարը, տեղի են ունեցել ապրիլի 20-ին։ Ցայժմ  SpaceX-ում խոսում էին միայն «արտասովոր իրավիճակի» մասին, թեեւ լուրերը, թե նավը գրեթե լիովին այրվել է, սկսել են հայտնվել անմիջապես։

Crew Dragon-ի արձակումը տիեզերագնացների անձնակազմով նախապես ծրագրված էր հուլիսի 25-ին։

Մարտի սկզբին Crew Dragon-ը հաջող անցավ փորձնական թռիչքը տիեզերակայանից առանց անձնակազմի։