Սյունիքի մարզում այսօր անցկացված խորհրդակցությամբ ամփոփվել է մարզային զարգացման ծրագրերի քննարկումների ընթացիկ փուլը: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին Հայաստանի տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ մարզպետարանում կայացած խորհրդակցությանը ներկայացվել է Սյունիքի մարզի 2010-2013թթ. զարգացման ծրագրով իրականացված եւ իրականացվելիք աշխատանքները, ինչպես նաեւ նախատեսվող ներդրումների ծավալները:
Մարզային քննարկումների արդյունքում արձանագրվել էր, որ անհրաժեշտություն կա լրամշակել զարգացման ծրագրերը, տարեկան աշխատանքային պլանները, ինչպես նաեւ միասնականացնել ծրագրերի նկատմամբ մոնիթորինգի համակարգը: Հաշվի առնելով, որ անցած շաբաթ ՏԿ նախարարությունում այդ խնդիրների հետ կապված քննարկումներ են եղել մարզպետարանների աշխատանքնային խմբերի հետ` հանձնարարվեց դրանց հիման վրա ներկայացնել առաջարկություններ:
Խորհրդակցությանը ներկայացվել են նաեւ 2011թ. առաջին երկու ամսվա ընթացքում Սյունիքի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները: Թեեւ մարզում ընդամենը եկամուտների մասով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճ է արձանագրվել, այնուամենայնիվ փոխվարչապետը հորդորել է մշտական աշխատանքներ իրականացնել 2011թ. պլանավորված եկամուտների մակարդակի ապահովման ուղղությամբ:
Ներկայացվել է համայնքների 2011 թ. բյուջեների հաշվարկային ցուցանիշների համեմատական վերլուծությունը 2010թ. ցուցանիշների նկատմամբ։ Անդրադարձ է եղել վարձակալության տրվող գյուղնշանակության հողերի ավելացման խնդրին:





























