ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուրբաթ կայացած նրա հեռախոսազրույցը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ արդյունավետ էր, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Անցկացրել եմ երկար եւ շատ լավ հեռախոսազրույց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես ես միշտ ասել եմ նախքան հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի հետաքննության անցկացումը, դա լավ է, ոչ թե վատ»,-գրել է Թրամփը թվիթերյան իր էջում:
«Մենք քննարկել ենք առեւտուրը, Վենեսուելան, Ուկրաինան, Հյուսիսային Կորեան, միջուկային զենքի տարածման վրա վերահսկողությունը եւ անգամ շինծու ռուսական սկանդալը: Շատ արդյունավետ բանակցություններ էին»,-ընդգծել է Ամերիկայի առաջնորդը:
Ավելի վաղ Կրեմլում հաստատել են Թրամփի եւ Պուտինի զրույցի փաստը: Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ զրույցը տեւել է շուրջ մեկուկես ժամ: Նա նշել է, որ զրույցը կայացել է ԱՄՆ-ի նախաձեռնությամբ:


























