Իրանի նախագահ Հասան Ռուհանին մուսուլմանական երկրներին կոչ է արել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Իսրայելի վրա ճնշումն ուժեղացնելու եւ «պաղեստինցիների հետագա դատաստանը կանխելու համար»։ Այս մասին նա հայտարարել է Կատարի էմիր, շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Տանիի հետ հեռախոսազրույցում՝ հայտնում է Press TV-ն։

«Իսլամական երկրներին անհրաժեշտ է միասնության եւ սիոնիստական ռեժիմի վրա ճնշման ուժեղացման միջոցով կանխել որեւէ մեղք չգործած պաղեստինցիների զանգվածային սպանությունները»,- հայտարարել է Ռուհանին։

Նա նաեւ մտահոգություն է հայտնել Գազայում այժմյան հումանիտար իրավիճակի վերաբերյալ, մանավանդ՝ Ռամադան ամսվա նախօրեին։

Իրանի նախագահը նաեւ հույս է հայտնել, որ բարեկամ երկրների միջեւ քաղաքական համագործակցությունը կարող է Պարսից ծոցի զգայուն տարածաշրջանում պահպանել կայունությունը եւ անվտանգությունը։