ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Helsingin Sanomat թերթի հարցազրույցում ասել է, որ ամերիկյան ու ռուսաստանյան նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը  երկրներին «առաջ շարժվելու» հնարավորություն է տալիս։

Ինչպես նշել է դիվանագետը, Վաշինգտոնը հույս ունի Մոսկվայի եւ Պեկինի հետ բանակցություններն սկսել  սպառազինությունների վերահսկման վերաբերյալ նոր պայմանավորվածությունների համար։

«Նախագահներ Թրամփը եւ Պուտինը լավ խոսակցություն են ունեցել։ Կարծում եմ, որ դա հնարավորություն է տալիս կողմերին առաջ ընթանալ։ Նախագահ Թրամփը գիտակցում է, որ մեզ երկու գործընկեր է պետք, որոնք պատրաստ են հետեւել պայմանագրին»,- Պոմպեոյին մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Այս առնչությամբ, ինչպես նշել է պետքարտուղարը, անհրաժեշտ է համոզվել, որ կա համակարգ, որը տարբերվում է ՓՄՀՀՊ-ից, որը կողմերին կդրդի կատարել պահանջները։

«Նախագահը գիտակցում է, որ հիմա կա երրորդ կողմ։ Այդ պայմանագրերը ստեղծված են տասնամյակներ առաջ, երբ Չինաստանն այլ էր։ Հիմա նա աշխարհառազմավարական սպառնալիք է ներկայացնում, ուստի նախագահ Թրամփը շատ կցանկանար, որ Չինաստանը լինի ցանկացած ձեռք բերված համաձայնության մաս, մենք կջանանք հասնել դրան»,- ավելացրել է նա։

Նա հույս է հայտնել, որ համապատասխան բանակցությունները տեղի կունենան։

«Գուցե չափից ավելի հավակնոտ է խոսել նման կարճաժամկետ հեռանկարի մասին։ Մինչեւ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագրի ժամկետի ավարտը մնացել է երկու տարի։ Գուցե, մենք ստիպված լինենք աշխատել երկկողմ ձեւաչափով, բայց ես հույս ունեմ, որ երկխոսությունը կընթանա դրական հունով, որպեսզի գտնենք եռակողմ համագործակցության դիտարկման հնարավորություն»,- ասել է Պոմպեոն։

Նրա խոսքով՝ աշխարհը «զգալիորեն կշահի դրանից»։