Հայաստանն ու Արցախը պետք է սկսեն խորը ինտեգրացիայի գործընթացը: Այս մասին հայտարարել է «Այլընտրանքային նախագծերի խումբ» նախաձեռնության անդամ Վահե Հովհաննիսյանը՝ ելույթ ունենալով Ստեփանակերտում ընթացող «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» համաժողովում: Համաժողովի անցկացման նախաձեռնողն է ՀՅԴ-ն:

«Մարդիկ սովորաբար փաստաթղթում տեսնում են այն, ինչը ցանկանում են տեսնել: Ես տեսնում եմ Հայաստանի եւ Արցախի խորը ինտեգրացիան: Եթե մենք դրա մեջ սա ենք տեսնում, դա արժանի է ողջունելու: Իսկ եթե սա ընդամենը փաստաթուղթ է, որի մասին ստորագրելուց հետո բոլորը կմոռանան, դա ափսոսանքի արժանի կլինի: Ինքնախաբեությամբ չզբաղվենք: Հիմա Հայաստանի եւ Արցախի միջեւ արդյոք խորը ինտեգրացիա կա՞: Ո՛չ: Մեզ այն աստիճանի ինտեգրացիա է անհրաժեշտ, որպեսզի արտերիաները միավորվեն»,- նշել է Հովհաննիսյանը:

Նա, միաժամանակ, հարց է բարձրացրել՝ իսկ Հայաստանը արդյոք պատրա՞ստ է առաջադեմ աշխարհին: «Ռեսուրսները շատ են, եւ պետք է կարողանալ դրանցից օգտվել: Կապել բոլոր օղակները, ուսումնական  հաստատությունները, բուժհաստատությունները: Ժամանակին կար «Հայկական աշխարհ» հասկացությունը: Դրա մասին մոռացել են: Ես առաջարկում եմ այն վերածնել: Նշված ինտեգրացիային ներգրավել Սփյուռքին: Արցախին հնարավորությունների նոր պատուհաններ են պետք: Դրանք կարող են լինել միայն Հայաստանի եւ Սփյուռքի միջոցով: Դրանց օգտագործման համար «ճանապարհային քարտեզ» է պետք՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ»,- նշել է Վահե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ կարող է հընթացս տասնյակ հնարավորություններ թվարկել, որոնք չենք օգտագործում: «Այս ինտեգրացիան հավասարապես անհրաժեշտ է բոլոր կողմերին՝ Հայաստանին, Արցախին, Սփյուռքին»,- շեշտեց Հովհաննիսյանը: