Երաշխավորման ինստիտուտը կա, պատգամավորներն են երաշխավորում, հայտնի մարդիկ են երաշխավորում, նախկին ու ներկա նախագահներն են երաշխավորում. դիմել են, դիմել են, գլխավոր դատախազն էլ կքննարկի, կպատասխանի: Այս մասին, այսօր՝ մայիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով փաստին, որ Արցախի ներկա ու նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով:

Հարցին, թե արդյոք Արցախի նախագահներն իրավունք ունեն նման հարցով դիմելու ՀՀ գլխավոր դատախազին, Մարուքյանը պատասխանեց. «Ես չէի ուզենա, որ Արցախի հարցն այս համատեքստում շահարկվի՝ այսինքն առանձին պետություն է, թե ոչ: Չեմ կարծում, որ սա ճիշտ ճանապարհ է: Որպես  իրավաբան կարող եմ ասել, որ կա երաշխավորի ինստիտուտ: Կարող են երաշխավորել, որ ամբաստանյալն ազատության մեջ մնալով չի խանգարի դատաքննությանը, կանչով կներկայանա եւ այլն»:

Նա այդ դիմումի մեջ ոչ մի այլ, այդ թվում Ռոբերտ Քոչարյանին սատարելու մեսիջ չի տեսնում. «Ներկա ու նախկին նախագահները քաղաքական մարդիկ են, եւ նրանց բոլոր գործողությունների մեջ պետք է փնտրել քաղաքական ենթատեքստ: Բայց մենք այս դեպքում խոսում ենք իրավական պրոցեդուրայի մասին, որ մարդիկ ասում են՝ պատրաստ ենք երաշխավոր լինել: Հիմա հաշվի կառնեն դա, թե ոչ, դա ՀՀ գլխավոր դատախազի գործն է»:

Դիտարկմանը, որ մեղադրական կողմը պնդում է, որ ազատության մեջ գտնվելով Ռոբերտ Քոչարյանը կարող է խոչընդոտել քննությանը, կարո՞ղ են նախագահները երաշխավորել, որ նա չի խոչընդոտի, Մարուքյանն արձագանքեց. «Ես չեմ կարող ասել: Ես ոչ դատախազն եմ, ոչ քննիչ եմ: Ցանկացած միջնորդություն քննարկվում է տվյալ գործի իրողությունների լույսի ներքո»:

Նա չբացառեց, որ այս միջնորդությունը նաեւ Քոչարյանին աջակցելու նպատակ ունի. «Ոչինչ չեմ բացառում քաղաքականության մեջ»:

Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազին՝ փոխելու Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը