ԱՄՆ-ն իրեն անվտանգ չի զգում Մերձավոր Արեւելքում, քանի որ այդ տարածաշրջանի բնակչությունն ատում է նրան, եւ Իրանին մեղադրանքներ ուղղելով՝ նրանք այդ վերաբերմունքը չեն փոխի: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ Մոհամեդ Ջավադ Զարիֆը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

 «Ծովային տեղաշարժի վերաբերյալ հայտարարությունները (որոնք իրականում հնչել են անցյալ ամիս) վերածվել են այսպես կոչված «իրանյան սպառնալիքների» մասին նախապաշարմունքների: Եթե ԱՄՆ-ն ու դաշնակիցներն իրենց անվտանգ չեն զգում, ապա դա այն պատճառով է, որ նրանց ատում է տարածաշրջանի բնակչությունը. Իրանին մեղադրանքներ ուղղելով՝ նրանք այդ վերաբերմունքը չեն փոխի»,-գրել է Զարիֆը թվիթերյան իր էջում:

Ավելի վաղ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը հայտնել էր, որ ԱՄՆ-ն ուղարկում է դեպի Իրան «Աբրահամ Լինքոլն» ավիակիր եւ ռմբակոծիչներ: Նրա խոսքով՝ այդկերպ Վաշինգտոնը «պարզ եւ անսխալ ուղերձ է հղում իրանյան ռեժիմին այն մասին, որ Միացյալ Նահանգների կամ նրա դաշնակիցների շահերի ուղղությամբ յուրաքանչյուր հարվածը  կստանա կոշտ պատասխան»:

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը, ի պատասխան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) որպես ահաբեկչական կազմակերպություն հայտարարելու մասին ԱՄՆ-ի որոշմանը, ճանաչել է ԱՄՆ-ի Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը որպես ահաբեկչական կազմակերություն, իսկ Միացյալ Նահանգները՝ որպես «ահաբեկչությունը հովանավորող պետություն»: