Կառավարությունում այսօր` մարտի 12-ին տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 19-րդ նիստը, որը վարել է վարչապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախորդ նիստի արձանագրությունների քննարկումից եւ հաստատումից հետո մասնակիցներին է ներկայացվել հոգաբարձումների խորհրդի նոր անդամ Ռաուլ դե Լուցենբերգերը, ով ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավարն է:

Վարչապետ Սարգսյանը հանդես է եկել բացման խոսքով, որում, մասնավորապես, անդրադարձել է ՀՀ տնտեսության հիմնական ցուցանիշներին` նշելով, որ հունվար ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 7.7 տոկոսով, ինչը բավական հուսադրող է. «Արդյունաբերությունում ունենք 5.7 տոկոսանոց աճ, շինարարությունը փոքր աճ է դրսեւորում, համենայն դեպս, կարեւոր է, որ անկում չկա նախորդ տարվա համեմատ:

Առեւտրաշրջանառությունը գտնվում է նույն մակարդակի վրա, փոքր աճ ունենք: Էական` 24.3 տոկոսանոց աճ ունենք ծառայությունների ոլորտում, որը հիմնականում պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում պարտադիր ապահովագրական համակարգի ներդրմամբ:

Առեւտրաշրջանառությունը բնութագրվում է նրանով, որ ունենք 2.3 տոկոսանոց աճ նախորդ տարվա համեմատ, ընդ որում, կարեւոր է, որ արտահանումը շարունակում է բավական բարձր տեմպերով աճել. նախորդ տարվա համեմատ այն աճել է 21 տոկոսով այն դեպքում, երբ ներմուծումը կրճատվել է մոտ 2 տոկոսով նախորդ տարվա համեմատ: Էլեկտրաէներգիայի արտադրությունն է աճել 20 տոկոսով, միջին ամսեկան աշխատավարձն է աճել 4.5 տոկոսով: Այն  Հայաստանի Հանրապետությունում կազմել է 105 հազար դրամ, ընդ որում` պետական հատվածում այն կազմում է 82 հազար դրամ, մասնավոր հատվածում` 131 հազար դրամ»:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաեւ տնտեսության այլ ոլորտներում նկատվող միտումներին՝ մասնավորապես նշելով. «Լեռնահանքային արդյունաբերությունում դեռեւս շարունակում ենք արձանագրել աճի բարձր տեմպեր, որոնք պայմանավորված են ոչ միայն միջազգային գների բարձրացմամբ, այլ նաեւ նրանով, որ 2009-2010թթ. բավական ներդրումներ են արվել լեռնահանքային արդյունաբերությունում. նոր ձեռնարկություններ են բացվել, եւ ներդրումներն այս ոլորտում շարունակվում են: Սննդարդյունաբերությունում ունենք 8.9 տոկոսանոց աճ, խմիչքի բնագավառում` 11.6, դեղագործության ոլորտում` 34.8 տոկոս: Դա նաեւ պայմանավորված է այն հանգամանքով, որ նոր հզորություններ են հանձնվում շահագործման, մետալուրգիայում 25 տոկոսանոց աճ ունենք»:

Վարչապետը նշել է նաեւ, որ 2011թ. համար երկու  էական պրոբլեմ են ֆիքսում. «բարձր գնաճը, որը մինչեւ տարեվերջ փորձենք կրճատել  երկու անգամ` այսօրվա 12 տոկոսից հասցնելով մինչեւ 6 տոկոս, եւ կարեւորագույն գյուղատնտեսության ոլորտը: Մենք  մեծածավալ նոր ծրագրեր ենք  իրականացնում գյուղատնտեսությունում եւ ակնկալում ենք  առնվազն 10 տոկոսանոց աճ, որն էապես կնպաստի նաեւ գնաճի զսպմանը, որովհետեւ այս 12 տոկոսանոց գնաճը նաեւ էականորեն պայմանավորված էր այն հանգամանքով, որ 2010թ.  գյուղատնտեսությունում ունեցանք 13.5 տոկոսանոց  անկում»:

Նիստին քննարկվել ու հստակեցվել է հիմնադրամի` 2011թ. մեկնարկելիք բարձրագույն կրթության ծրագրի հայեցակարգը:
Ի թիվս օրակարգում ընդգրկված հարցերի, հոգաբարձուների խորհրդի անդամներին է ներկայացվել Հաղթանակ զբոսայգու վերակառուցման ծրագիրը, արծարծվել են նաեւ կազմակերպչական հարցեր: