NEWS.am-ը որոշ կրճատումներով ներկայացնում է The Wall Street Journal –ում հրապարակված Աիդա Սուլթանովայի եւ Մարկ Չեմպիոնի «Ադրբեջանի բողոքողներին չի հաջողվի հաղթանակի հասնել» հոդվածը:
«Կովկասի նավթով հարուստ երկրում` Ադրբեջանում ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 40 մարդ, որոնք փորձել են կրկնել Եգիպտոսի հակակառավարական ապստամբությունը:
Երիտասարդ ադրբեջանցիներին ընդդեմ ավտորիտար իշխանությունների փողոց դուրս բերելու Facebook-ի կոչերը նվազագույն աջակցություն գտան: Այն քչերը, ովքեր դուրս եկան փողոց, արագորեն շրջապատվեցին կամ ցրվեցին:
Ադրբեջանի նախագահ Ալիեւի կառավարությունը լայնորեն քննադատվում է իրական ժողովրդավարական ինստիտուտների ապահովման անկարողության եւ մամուլի ազատության սահմանափակման համար: Սակայն շատ ադրբեջանցիներ, թվում է, թե հակված չեն աջակցելու Facebook-ի շարժմանը, որի կազմակերպիչները, մեկ բացառությամբ, ապրում են արտերկրում:
Վերլուծաբանների կարծիքով` Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրներին հուզող ժողովրդավարական ընդվզումները հազիվ թե կարողանան «կրակ վառել» Կովկասում, քանի որ տնտեսական եւ սոցիալական մյուս հանգամանքները Ադրբեջանում, Հայաստանում եւ Վրաստանում տարբերվում են Եգիպտոսի նման երկրների իրավիճակից:
«Ես պարզապես կրիտիկական զանգված չեմ տեսնում Ադրբեջանում»,-ասել է Միջազգային ճգնաժամային խմբի կովկասյան նախագծի տնօրեն Լորենս Շիթսը:
Բացատրելու համար, թե ինչու բողոքներ չեն բռնկվում, Շիթսը դա պատճառաբանել է Ադրբեջանում կյանքի մակարդակի բարձրացմամբ` պայմանավորված վերջին տարիներին նավթի վաճառքից նոր մուտքերով: Հայաստանում եւ Վրաստանում ընդդիմադիր կուսակցությունները եւս նայում են Մերձավոր Արեւելքի ապստամբություններին, որպեսզի կրկին բորբոքեն կառավարությունների հրաժարականների մասին կոչերը:
«Ընդդիմության առաջնորդներն օգտագործում են Եգիպտոսի եւ Թունիսի օրինակները, բայց կարծում եմ, դա փոքր-ինչ արհեստական է»,-ասում է Երեւանում Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքով` պարզունակ է այդ երկրները Կովկասի հետ համեմատելը: Նա Հայաստանում կանխատեսում է հատուկենտ բողոքի ակցիաներ, սակայն ոչ մի իրական փոփոխություն մինչեւ հաջորդ տարվա ընտրությունները»:





























