Ճապոնիայի «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում տեղի ունեցած պայթյունը չի կարող ազդել Հայաստանի վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը: «Հայաստանի համար պայթյունը գործնականում եւ տեսականորեն ոչ մի վտանգ չի կարող ներկայացնել:
Ռադիոակտիվ արտանետումները տեղի են ունենում մինչեւ 10 կիլոմետր տարածքում, ընդ որում` միայն մեկ-երկու կիլոմետր տարածքում է, որ ռադիոակտիվ ֆոնի որոշակի բարձրացում է արձանագրվել: Ճապոնիային սահմանակից Ռուսաստանի Դաշնության հարավ-արեւելքում նույնպես բնական ֆոնը նույն մակարդակի վրա է, ինչպես որ մինչեւ աղետն էր։ Այժմ ռեակտորի հովացումը վերականգնված է, ինչը նշանակում է, որ լրացուցիչ արտանետումներ չեն լինի»,- նշեց Մարտիրոսյանը եւ հավելեց, թե անհիմն են մտահոգություններն այն մասին, թե Ճապոնիայում տեղի ունեցածը կարող է աղետալի հետեւանքներ ունենալ ամբողջ աշխարհի մակարդակով:
Նշենք, որ պայթյունը որոտացել է երեկ գիշեր: Բլոկերից մեկի արտաքին պատը փլվել է: Ատոմակայանի շրջակայքում ռադիացիայի մակարդակը նախնական տվյալներով 20 անգամ գերազանցում է նորման։ Հաղորդվում է մի քանի տուժածների մասին։Ավելի վաղ «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի բլոկերից մեկում երկրաշարժից հետո ռեակտորի միջուկում վառելիքի հալչելու հետևանքով հայտաբերվել էր ռադիոակտիվ ցեսիում։ Էլեկտրակայանի շրջակայքից 20 կմ հեռավորությամբ տարածքում ապրող բնակիչները տարհանվել են։




























