Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը եւ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Ռումինիայում ընթացող Եվրամիության ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ ԵՄ առաջնորդներին տեղեկացրել են Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի ապօրինի հորատման աշխատանքների մասին, փոխանցում է Ekathimerini-ն:  

Նախօրեին Նիկոս Անաստասիադեսը կղզու բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի գործողությունները համեմատել է «երկրորդ ներխուժման» հետ: «Սա միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է կամ, ինչպես կարող եմ նկարագրել, երկրորդ ներխուժում՝ հաշվի առնեկով Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու խախտումը»,- ասել է նա: Նիկոս Անաստասիադեսը նաեւ հայտարարել է, որ Թուրքիայի վերջին գործողությունները անհնար են դարձրել կղզու վերամիավորման շուրջ բանակցությունների վերականգնումը:

Սակայն Անկարան պնդել է Արեւելյան Միջերկրականում իր ծրագրերի իրականացումը շարունակելու մասին:

Հաշվի առնելով այս հարցում ԵՄ առաջնորդների հանդեպ նրա հանդուգն դիրքորոշումը, Աթենքը եւ Նիկոսիան կարծում են, որ Թուրքիայի միակ ուղերձը խոշոր ներդրող երկրների կողմից, ինչպիսին են Գերմանիան եւ Նիդեռլանդները, տնտեսական ճնշումն է:

ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն արդեն Թուրքիային կոչ են արել խուսափել այնպիսի գործողություններից, որոնք նպաստում են տարածաշրջանում լարվածության մեծացմանը:

ԱՄՆ Պետքարտուղարությունը Թուրքիային կոչ է արել չեղարկել Կիպրոսում հորատման իր ծրագրերը՝ Անկարային մեղադրելով Միջերկրածովյան տարածաշրջանում լարվածության մեծացման վտանգի մեջ:

Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում եւ շելֆում բնական գազի մեծ հանքավայրեր են գտել: 2011 թվականին ամերիկյան Noble Energy ընկերությունը, մասնավորապես, հայտնաբերել էր «Աֆրոդիտե» հանքավայրը, որի պաշարները գնահատվում են շուրջ 140 մլրդ խոր.մետր: Անկարան, որը վիճարկում է Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու սահմանները, շրջան է ուղարկել «Ֆաթիհ» հորատման նավը, որը շաբաթ առավոտից բացառիկ տնտեսական գոտում է: Թուրքիան հայտարարում է, որ հորատումը կտեւի 4 ամիս՝ մինչեւ սեպտեմբերի 3: