ՌԴ-ն եւ Իրանը պայմանավորվել են աշխատել Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի բոլոր կողմերի հետ, բացի ԱՄՆ-ից: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«ԱՄՆ ոչ լեգիտիմ պատժամիջոցները խանգարում են ՌԴ-ի եւ Իրանի առեւտրային համագործակցությանը, եւ Մոսկվան ու Թեհրանը նոր ուղիներ կորոնեն», հավելել է ՌԴ ԱԳ նախարարը:

Լավրովի խոսքով՝ Իրանի հետ INSTEX վճարումների ԵՄ մեխանիզմն ավելի քիչ արդյունավետ է, քան նախատեսվում էր:

Իրանական միջուկային գործարքի մնացյալ մասնակիցները խորհրդակցություններ կանցկացնեն, սակայն հազիվ թե անմիջապես նախարարների հանդիպում կայանա, կարծում է ՌԴ ԱԳ նախարարը: ԱՄՆ-ն չի վերադառնա Իրանի միջուկային գործարքի համաձայնագրի կատարմանը, վստահ է Լավրովը:

Նա նաեւ ոչ իրատեսական է համարում ԱՄՆ ճնշման ներքո Սիրիայից Իրանի հեռանալը:

«Իհարկե, այս աշխարհում ամեն ինչ փոխկապակցված է: Մենք լսում ենք Միացյալ Նահանգների պարբերական հայտարարությունները՝ ոչ միայն Սիրիայում, այլեւ տարածաշրջանում Իրանի որեւիցե ազդեցության դադարեցման անհրաժեշտության մասին: Բոլորի համար ակնհայտ է, որ սա ոչ իրատեսական է եւ լուրջ քաղաքականություն համարվելու ոչ մի հնարավորություն չունի»,- ընդգծել է նա: