Ճապոնիայի «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում տեղի ունեցած պայթյունը ոչ մի կերպ չի կարելի համեմատել Չեռնոբիլի վթարի հետ, քանի որ այս վթարի մասշտաբները զգալիորեն ավելի փոքր են։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Մեծամորի ատոմակայանի գլխավոր ճարտարագետ Մովսես Վարդանյանը։
Նրա խոսքով, «Ֆուկուսիմա-1»-ում տեղի ունեցած պայթյունը կարելի է տեխնիական համարել, քանի որ ռեակտորը չի վնասվել։ «Ռադիոակտիվ արտանետում, ճիշտ է, եղել է, սակայն շատ փոքր քանակությամբ»,- հավաստիացրեց Վարդանյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ յուրաքանչյուր մարդու համար տարեկան կտրվածքով թույլատրելի ճառագայթային դոզավորման չափաբաժինը պայթյունի գոտում գտնվող որոշ մարդիկ ստացել են ընդամենը մեկ ժամում։
Հարցին, թե ի՞նչ հնարավոր բացասական ազդեցություն կարող են ունենալ ռադիոակտիվ արտանետումները նախ Ճապոնիայի, այնուհետեւ Ռուսաստանի ուղղությամբ շարժվելու դեպքում՝ նաեւ մեր տարածաշրջանի վրա, ԱԷԿ-ի գլխավոր ճարտարագետը նշեց. «Լավ է, որ քամին ռադիոակտիվ նյութերը քշում է Խաղաղ օվկիանոսի ուղղությամբ։ Ամպը Երկրագնդով մեկ այնքան շուտ կտարածվի, որ ոչինչ նույնիսկ չի էլ զգացվի»։
Ամփոփելով՝ նա ընդգծեց, որ ճապոնական ատոմակայանի այդ ռեակտորը հետագայում անհնար կլինի շահագործել։
Նշենք, որ ուրբաթ օրը Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո մասնագետներին չի հաջողվել դուրս թողնել «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի բլոկի թաղանթի տակ կուտակված գազը եւ իջեցնել ճնշումը, ինչի հետեւանքոեվ ԱԷԿ-ում ուժեղ պայթյուն է գրանցվել:
Վերջին տարիների ուժեղագույն երկրաշարժերից մեկը տեղի է ունեցել Միյագի նահանգի ափի մոտ` Տոկիոյից 373 կիլոմետր հյուսիս-արեւելք: Ուժգնությունը կազմել է 8,9 մագնիտուդ: Երկրաշարժն առաջացրել է ուժեղ ցունամի, մի շարք շրջաններում ալիքի բարձրությունը գերազանցել է 10 մետրը: Ավելի քան հազար մարդ զոհվել են եւ անհետ կորել:




























