Գերմանիայի նախկին կանցլեր, «Nord Stream» ընկերության տնօրենների խորհրդի անդամ, բաժնետերերի կոմիտեի նախագահ Գերհարդ Շրյոդերը, որը զբաղվում է «Հյուսիսային հոսք» գազամուղի նախագծով, կարծում է, որ Nabucco-ի իրականացումը հեռանկարային կլինի միայն այն ժամանակ, երբ այն նաեւ իրանական գազ մատակարարի: «Ես կողմ եմ Nabucco գազամուղի կառուցմանը, քանի որ մեզ անհրաժեշտ է գազի լրացուցիչ ներմուծում դեպի Եվրոպա, բայց պետք է հիշել մեկ բան` մենք բավական գազ ունենք „Հյուսիսային հոսք“ եւ „Հարավային հոսք“ գազամուղներով, բայց ոչ „Նաբուկո“-ի համար»,- ասել է նա՝ հանդես գալով Եվրասիական էներգետիկ «Kazenergy» ֆորումի ժամանակ:

«Որպեսզի Nabucco-ն լավ դիրք ունենա, այն պետք է լցվի իրանական գազով: Եվ դա ճիշտ է, քանի որ մեզ եւս մեկ հնարավորություն կտա գազ հասցնել Եվրոպա»,- ասել է Շրյոդերն ու խոստովանել, որ ԵՄ-ն պետք է հաղթահարի քաղաքական հակասությունները:

«ԵՄ-ին անհրաժեշտ է կամք, որպեսզի լուծի քաղաքական հակասությունները՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցների եւ այդ երկրից էներգակիրների արտահանման հետ կապված: Պետք է հստակ հայտարարել, որ նմանատիպ նախագծերը, ինչպիսիք են՝ „Հյուսիսային հոսք“-ը կամ „Հարավային հոսք“-ը, չեն մրցակցում այլ խողովակաշարերի, մասնավորապես՝ Nabucco-ի հետ»,- ընդգծել է Շրյոդերը:

Հիշեցնենք, որ Nabucco-ն Ռուսաստանը շրջանցող գազամուղ պետք է լինի, որը Ռուսաստանի կողմից համարվում է «Հարավային հոսք» գազամուղի մրցակից: Նախատեսվում է, որ «Նաբուկոն» կսկսի կառուցվել 2011 թվականից իսկ արդեն 2014-ից այն գազ կմատակարարի Եվրոպա: Nabucco-ի համար էներգակիրների պոտենցիալ աղբյուրներ են հանդիսանում Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Իրանն ու Իրաքը: ԱՄՆ-ը դեմ է Իրանի մասնակցությանը, փոխարենը կողմ է Իրաքից գազի արտահանմանը Եվրոպա: